▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ` Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին

«ՀՀ ազգային բանակի տոնի նախօրեին ցանկանում եմ անդրադառնալ այն կերտողներից մեկի ճակատագրին և բարձրաձայնել տարիներ ձգվող մի խնդրի մասին, որտեղ հնչող անարդարության ձայնը չի խլացվի այս տոնի առթիվ հնչող ցնծության մեջ, ոչ էլ բարձրագոչ հիացական ուղերձներով։ Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրությանը կամավոր զինվորագրված, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու անօտարելի իրավունքը մերժելը անարդար է, անարդար է, անարդար է, իսկ ամեն անարդարություն իր մեջ հակապետական լիցք է կրում։

Նա, ում ապրած կյանքը, կատարած գործերը կարող են լավագույն օրինակ ծառայել հայ երիտասարդությանը հայրենասիրությամբ դաստիարակելու գործում, առ այսօր չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին: Ժիրայրը բազմիցս հայտնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու իր իղձը։ Նա երեք անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու խնդրանքով, սակայն ստացել է մերժում՝ առանց հիմնավորման ու բացատրության։

Ի՞նչ պատճառաբանություն կարող է արդարացնել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մերժումը պետական այրերի կողմից: Միակ բացատրությունը, որ տրամաբանական է, դա ոխակալությունն է այն հայորդու հանդեպ, որը հանդգնություն է ունեցել ապրել իր բարոյական սկզբունքներով, իր կենսակերպով, և իր քաղաքացիական դիրքորոշումները հայտնել առանց վախենալու։

Կոչ եմ անում իշխանությունը դեռ իրենց ձեռքում պահող շրջանակին վեր կանգնել քինախնդրությունից և Բանակի տոնի առթիվ ընդառաջ քայլ անել։ Ընդունել, որ մերժումները եղել են սխալ ու անհիմն, վերանայել նախկին դիմումները և Ժիրայր Սեֆիլյանին շնորհել ՀՀ քաղաքացիություն։

Հնում ասում էին. «Թող կործանվի աշխարհը, եթե չիք արդարություն»։ Այսօր այն այլ կերպ է հնչում. «Եթե չկա արդարություն, ուրեմն կկործանվի աշխարհը»։

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե» Համակարգող Աղավնի Սահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին