Լրագրող Մհեր Ղալեչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Այսօր լուր է տարածվել, թե մի քանի օր հետո ՀՀ նոր Գլխավոր Դատախազ կնշանակվի Գեւորգ Կոստանյանը:
Չզարմանաք, բայց այս թեկնածությունը լրիվ ողջունելի է: Ես կողմ եմ միանշանակ: Հույս կա, որ Գեւորգ Կոստանյանի նշանակմամբ սպանությունները Հայաստանում կլեգալացվեն, կաշառքները՝ կօրինականացվեն: Ավելին, ցանկացած հանցագործություն կունենա որոշակի արժեք, որը վճարելով, հանցագործը կարող է ազատ արձակվել:
Սա, ի դեպ, առանց կատակի, այսպիսի պրակտիկա կիրառվել է դեռեւս 300-400 տարի առաջ Եվրոպական մի շարք երկրներում եւ ցարական Ռուսաստանում:
Օրինակ, Ռուսաստանում կար գնացուցակ, թե որ հանցագործությունը որքան է գնահատվում: Մի երկու օրինակ բերեմ.
- Եթե մեկը մյուսին հարվածի, օրինակ, բահով, կամ թրի տափակ մասով, ապա դրա համար պետք է տուժածի իշխանին վճարի 12 գրիվեն»:
- Եթե մեկը մյուսի ձեռքը, ոտքը, աչքը կամ քիթը խիստ վնասի, ապա տուժածի իշխանին 20 գրիվեն տուգանք, իսկ տուժածին՝ 10:
- Եթե մեկը մյուսի մատը կտրի՝ 10 գրիվեն տուգանք: Իշխանին՝ 3 գրիվեն:
Իհարկե, մեզ ավելի հետաքրքիր է սպանությունների գնացուցակը, որը Գեւորգ Կոստանյանի դեպքում պետք է գալու: Ուրեմն.
- Եթե Նովգորոդում սպանեն գերմանացի վաճառականի, ապա տուգանք՝ 10 գրիվեն: Եթե սպանեն իշխանական ձիապանի, խոհարարի, ապա մարդասպանը պետք է վճար 40 գրիվեն տուգանք:
- Եթե սպանեն իշխանական դատավորի կամ սպասավորի՝ 12 գրիվեն:
- Բանվորին սպանելը՝ 5 գրիվեն:
- Գյուղացուն սպանելը՝ 5 գրիվեն:
- Ճորտին սպանելը՝ 6 գրիվեն:
Այնպես որ, այս համակարգի ներմուծման դեպքում, օրինակ, բաձրաստիճան պաշտոնյայի տղան ոչ միայն Գորիսում, այլ նաեւ ամբողջ Հայաստանում հանգիստ կարող է աջ ու ձախ մարդ սպանել ու վճարել, սպանել ու վճարել: Արդարեւ, դրա համար տուգանք վճարելու ֆինանսական խնդիրներ չեն լինի, նույնը ծեծել, ջարդել եւ նմանատիպ այլ զանցաքների դեպքում այլեւս բողոքի ակցիաներ, անիմաստ նյարդանանալ չի լինի, ջանքեր, փաստաբան, ավելորդ ծախսեր: Այս ամենին կփոխարինի շատ արդար մի համակարգ, որը փորձնական կիրառվել է արդեն Հայաստանում եւ շոշափելի, մի քանի միլիոն դոլարի արդյունք բերել: