▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում անտեսել են պարետատան ցուցումները` խախտելով նաև սեփականատերերի իրավունքները

Երևանի ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամ Արման Անտոնյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացնում է․

«Արտակարգ դրության պայմաններում Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի ապօրինի գործողությունների մասին, որոնք նախ խախտել են Արտակարգ իրավիճակներում պարետատան ցուցումները` խախտելով սեփականատերերի իրավունքները։

Սեփականատերերը ինքնամեկուսացման պայմաններում են, իսկ համայնքի ղեկավարը օգտվելով այս առիթիցից` իրականացնում է ոչ մարդկային և ոչ մարդասիրական ապօրինի գործողություններ»։

Նոր Արտամետ համայնքի ղեկավարը,  Արման Անտոնյանի հորդորին, որ գործողություններն իրականացվեն արտակարգ դրությունից հետո,   պատասխանել է, որ հրահանգը ստացել է Կոտայքի մարզպետարանի կողմից։

Տեսանյութն՝ Արման Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Ստորև ներկայացնում ենք նաև Կոտայքի մարզպետարանից ստացված պարզաբանումը․ 

Asekose.am կայքում այսօր՝ մարտի 27-ին տեղադրված «Կոտայքի մարզում անտեսել են պարետատան ցուցումները` խախտելով նաև սեփականատերերի իրավունքները» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել, որ

  • Երևանի  «Իմ քայլը»  խմբակցության անդամ Արման Անտոնյանը տեսանյութում նշված խնդրի վերաբերյալ մի քանի անգամ  դիմել է տարբեր ատյաններ՝ այդ թվում՝ Կոտայքի մարզպետարան: Վերջինիս պարզաբանվել է, որ իր կողմից օգտագործվող տարածքը համաձայն ՀՀ կառավարության 2006թ  1815 – Ն որոշման (հավելված N6) անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Նոր Արտամետ համայնքին որպես չմասնավորեցվող տարածք (փողոց հրապարակ), որը համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված դրույթների, հանդիսանում է սեփականության իրավունքով չօտարվող հողեր: Մարզպետարանը պարզաբանել է, որ  սեփականությունը հանդիսացող տնամերձ հողամասին կից տարածքը հնարավոր չէ սահմանված կարգով օտարել, քանի որ չմասնավորեցվող տարածք է (ճանապարհ): Պարզաբանվել է, որ վերջինիս բարձրացրած հարցը հողերի նկատմամբ իրավունքների իրականացման և հողային հարաբերությունների կարգավորման հարց է՝ հողային վեճ, որը համաձայն  ՀՀ Հողային օրենսգրքի 114 հոդվածի դրույթների, կարող է լուծվել դատական կարգով: 
  • Բացի այդ, Անտոնյանի հարևան Գ. Հակոբյանը  դիմել էր Նոր Արտամետի համայնքապետարան՝ նշելով, որ պտղատու այգի ունի Անտոնյանի հողատարածքում: Ուսումնասիրվել է և պարզվել, որ Անտոնյանը իրեն պատկանող 0,12 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքն ապօրինի ընդլայնել է 254 ք/մ-ով ընդհանուր օգտագործման ճանապարհի և հարևանի հողամասի հաշվին՝ խոչընդոտելով համայնքի բնակիչների ազատ ելումուտը իրենց այգիներ:
  • Համայնքի ղեկավարը հորդորել է Արման Անտոնյանին իր հողամասի սահմանները պահպանել սեփականության վկայականում նշված սահմանների շրջանակներում, բազմիցս բացատրական աշխատանքներ են տարվել վերջինիս հետ, սակայն  ճանապարհը բացելու՝ համայնքի ղեկավարի հորդորները մնացել են անպատասխան:
  • Տվյալ պարագայում, համաձայն ՀՀ Հողային Օրենսգրքի 2-րդ մասի դրույթների, համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, ինչը և արվում է համայնքի ղեկավարի կողմից:

Հարգանքով՝

Կոտայքի մարզպետարան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին