▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կռվենք բոլորի դեմ, ոչ թե սեփական տգետին ու թալանչիին հովանավորենք, իսկ ընդդիմադիրին ոչնչացնենք

Արմեն Աշոտյան, համաձայնելով քեզ, դեմ եմ…
Ի սկզբանե ասեմ, որ Գագիկ Ծառուկյանն իմ իդեալը չէ, երբևէ առերես չեմ հանդիպել, մինչդեռ Արմեն Աշոտյանի հետ ունեմ բարեկամական հարաբերություններ, գնահատում եմ նրա ,,ոչ ստանդարտ,, կերպարը որպես նախարար: Միշտ էլ կողմնակից եմ, որպեսզի կառավարման համակարգում լինեն կիրթ երիտասարդները, որոնք փշրում են կարծրատիպերը, որոնք բերում են նոր շունչ և նոր մտածողություն: Այդ առումով, գուցե մեծանա թիվն իմ ընդդիմադիրների, բայց իսկապես պաշտպանում եմ փոքր-ինչ ,,յանկիական,, մտածողությամբ երիտասարդներին, որոնք այսօր հանրային հարթակին են կամ կառավարման ոլորտում:
Բայց պիտի որոշակի բանավեճ վարեմ Արմեն Աշոտյանի հետ՝ Սաթիկ Սեյրանյանի Ռ/Էվոլյուցիա հաղորդաշարից պատառիկներ դիտելով: Իսկ մինչ այդ ասեմ: Գագիկ Ծառուկյանին առաջինը ես եմ կոչել ոչ դասական իմաստով քաղաքական գործիչ, ես եմ հրապարակավ հայտարարել, որ նա առաջնորդվում է ժողովրդական տրամադրություններով՝ իր մեջ կուտակված լույսի ու ստվերի զարմանալի համադրումներով: Ուստի, հենց նրանով պայմանավորված Արմեն Աշոտյանի հարցազրույցից լսածս պատառիկները որքան Գագիկ Ծառուկյանի մասին են, նույնքան էլ մի ողջ համակարգի, որը տեսնելու առիթը հենց Արմեն Աշոտյանը տվեց:
Իր հարցազրույցում Արմեն Աշոտյանը իրատեսորեն փաստում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը երկրում նոր քաղաքական օրակարգ է առաջադրել: Լրիվ համաձայն եմ: Ուրախ եմ, որ հենց ՀՀԿ փոխնախագահն է ասում այս մասին, քանզի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ հաստատեց, որ անողոք ու դաժան են լինելու բոլոր նրանց հարցում, ովքեր կփորձեն լինել ընդդիմադիր, հակակշիռ ստեղծել իշխանությանը, քննադատել իշխանության գործունեությունը, ձգտել իշխանափոխության: Նախագահ Սարգսյանի ելույթն ամբողջապես այս բացատրությունն ուներ, որովհետև Ծառուկյան երևույթը կար միշտ, այն հանդիսանում էր գործընկեր, պատասխանատվություն կրում իշխանության հետ, կոալիցիոն համաձայնագրով կառավարում երկիրը: Ծառուկյանը նույն մարդն է իր դրական ու բացասական հատկանիշներով: Ուրեմն, նախկինում առկա քաղաքական օրակարգում Ծառուկյանը հանդիսանում էր դերակատար, հանդիսանում էր իշխանության հենարան և գործընկեր: Հիմա փոխվել է օրակարգը: Այսինքն, քաղաքական դաշտում հաստատվում է մոնոպոլիան, օրակարգի թիվ մեկ խնդիրն է դառնում ոչնչացնել այն քաղաքական ուժերին, որոնք կարող են մրցակից լինել: Այլ կերպ անհնար է բացատրել նախագահ Սարգսյանի ելույթն ու գաղափարաբանությունը: Եվ, շնորհակալություն Արմեն Աշոտյանին, որը միակն է բոլորից, ով չափազանց հստակ ներկայացրեց Սերժ Սարգսյանի ելույթի իմաստն ու բովանդակությունը:
Արմեն Աշոտյանը, լինելով ինտելեկտուալ, խոսում է քաղաքակրթական օրակարգի, քաղաքականության մեջ քաղաքակրթական շերտի, ինտելեկտուալիզմի մասին: Դարձյալ համաձայն եմ: Ժամանակակից քաղաքականությունը ոչ թե կոչերի ու կույր նվիրվածության, անցյալի փորձի մեխանիկական կրկնության հանգրվանն է, այլ պահանջում է նոր ինտելեկտուալ դրսևորումներ, պահանջում է արդի քաղաքակրթության որակներին ու պահանջներին համապատասխան կերպարներ: Գագիկ Ծառուկյանը, ըստ Արմեն Աշոտյանի, չի կարդացել ,,Վարդանանք,, , իր մտավոր ընդունակություններով չի համապատասխանում արդի պահանջներին: Ընդունենք: Բայց ինչո՞վ է իմ սիրելի Արմեն Աշոտյանը հակադարձում Գագիկ Ծառուկյանին, որպեսզի ես հավատամ նրա դիքորոշման անկեղծությանն ու ազնվությանը: Հենց վերջերս Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնում նշանակված ,,սաքուլի՞կն,, է Աշոտյանի իդեալը, այն անձը, որին առաջ մղելով՝ ՀՀԿ-ն բերում է քաղաքակրթական նոր որակ: Եթե չենք ուզում, որ քաղաքական դաշտը լցվի տգետներով, եթե չենք ուզում, որ երկրի կառավարումը հանձնվի քաղաքակրթությունից հեռու մարդկանց, ուրեմն պիտի լուրջ ..սելեկցիա,, արվի, մինչդեռ, թող ինձ ների Արմեն Աշոտյանը, հենց իր գլխավորած ոլորտում մեծ թիվ են կազմում կիսագրագետ, անհայտ ճանապարհներով թեկնածուի ու դոկտորի դիպլոմներ ստացած մարդիկ, որոնք այսօր կանգնած են բուհերի կառավարման ղեկի մոտ: Հազիվ թե իրենց ինտելեկտուալ պաշարներով Ծառուկյանին գերազանցեն նախարարներ Գագիկ Բեգլարյանը, Երվանդ Զախարյանը, Կարեն Ճշմարիտյանը, Սերգո Կարապետյանը, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Տաուշի մարզպետները, ՀՀԿ առնվազն 20 պատգամավոր, մեծ թվով քաղաքապետեր, պետական այլպաշտոնյաներ: Ուրեմն, եթե պայքարում ենք, եթե ուզում ենք դուրս մղել տգիտությունը՝ պայքարենք բոլորի դեմ: Թե չէ ստացվում է, որ Լֆիկը, Շմայսը, Նեմեց Ռուբոն, Թոխմախի Մհերը, գեներալ Սեյրան Սարոյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը, Դերժավայի Արկադին, Սաշիկ Սարգսյանը և ուրիշներ մտքի տիտաններ են, գերինտելեկտուալներ, իսկ ահա Ծառուկյանը՝ տգետ: Թե չէ ստացվում է, որ նրանք ազնիվ ճանապարհով հարստացել են, իսկ ահա Ծառուկյանը զբաղվել է թալանով: Բազմիցս եմ ասել, որ Հայաստանում չկան օլիգարխներ, կան փող թռցնողներ, որոնք հարստացել են հարկեր թաքցնելու, պետական ,,տանիք,, ունենալու հաշվին:
Պայքարենք բոլորի դեմ, քաղաքակրթական օրակարգ բերենք ազնիվ բիզնեսի, ինտելեկտուալ գործարարության գաղափարը: Ի դեպ, առիթ ունեցել եմ զրուցելու սփյուռքյան մի շարք նշանավոր գործարարների հետ, որոնք իրենց ինտելեկտուալ մակարդակով առավել ցածր սանդղակի վրա են, քան Ծառուկյանն է: Խոսենք բոլորի մասին, հարցնենք, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ ընդամենը ,,լիֆչիկ,, վաճառելով՝ այսօր մարդիկ դոլարային միլիոնատերեր են դարձել և կազմում են երկրի նախագահի շրջապատը… Ու՞մ հետ և որտե՞ղ է խաշ ուտում նախագահ Սերժ Սարգսյանը, ի՞նչ ինտելեկտուալ զրույց է վարում իր կողմից արտոնյալի կարգավիճակ ստացած անձանց հետ…
Կռվենք բոլորի դեմ, հարգելի Արմեն Աշոտյան, ոչ թե սեփական տգետին ու թալանչիին հովանավորենք, իսկ ահա ընդդիմադիրին, որը խանգարում է քաղաքական նոր հաշվարկներ իրականացնելուն՝ ոչնչացնենք: Համակարգային կռիվ մղենք, ոչ թե բռնություններով ու քինախնդրությամբ հերթական անգամ ավերենք մարդկանց հավատը, սերմանենք վախը:
Ուզու՞մ եք քաղաքակրթական օրակարգ ունենալ: Եկեք բոլորի դեմ պայքարենք: Եկեք ինքներս մեզ ուժեղ զգալու համար չաստվածացնենք ոմանց, իսկ հետո գահընկեց անենք՝ իբրև թե ուզում ենք երկիրը մաքրել չարիքից: Հասարակությունը չի ստեղծում չարիքների առաջխաղացումը: Դա իշխանության մենաշնորհն է:

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին