▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքից հեռացել է հայկական արմատներով լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Լեհաստանում կյանքից հեռացել է հայկական արմատներով լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ 

Գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում  նա  պատմել է, որ իր տատիկն ազգությամբ հայ է եղել:

Պատասխանելով իր ստեղծագործություններում կրոնի ազդեցության վերաբերյալ հարցին՝ կոմպոզիտորը նշել էր, որ ինքը եղել է հավատացյալ երեխա: «Պապիկս գերմանացի էր ու բողոքական: Հայրս հույն կաթոլիկ էր, թավ-ջութակ էր նվագում: Մայրս նույնպես խոր հավատացյալ էր, նա օրական երկու անգամ եկեղեցի էր գնում: Տատիկս հայ էր: Այդ կերպ ես մեծացել եմ երեք տարբեր դավանանքներում, այդ է պատճառը, որ այսքան բաց եմ»,- նշել էր Պենդերեցկին:

Նրա խոսքով՝ ցավոք հայերեն տեքստի համար որեւէ ստեղծագործություն չի գրել: «Սակայն ծրագրում եմ»,- ընդգծել էր կոմպոզիտորը:

Ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր․ «Հնարավոր է, որ այսօր նա չդառնար աշխարհահռչակ Պենդերեցկի, եթե մանուկ ժամանակ հայուհի տատիկի ձեռքը բռնած մշտապես չգնար հայկական եկեղեցի պատարագ ունկնդրելու»:

Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան  կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է. «Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Պենդերեցկու ստեղծագործություններին քաջածանոթ էին աշխարհի բոլոր անկյուններում, իսկ դրանց կատարումներով հանդես էին գալիս հայտնի նվագախմբեր և մենակատարներ: Դրա վառ վկայություններն են բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակները և պետական ու հանրային մակարդակով դրսևորված գնահատանքը:

 Տաղանդաշատ ստեղծագործողը սերտ կապեր էր պահպանում իր նախնիների հայրենիքի` Հայաստանի հետ և տարբեր առիթներով այցելում: Նրա ներդրումը համաշխահային երաժշտարվեստին մշտապես հավուր պատշաճի գնահատվել է նաև Հայաստանում:

Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին