Վերաքննիչ քերական դատարանի վարույթում է Էդիկ Հ․ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը։ Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ։
1in.am-ն է գրում ու մանրամասնում․1987 թվականին ծնված Էդիկ Հ․-ին մեղադրանք էր առաջադրվել 2 անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 17-ին, ժամը 19-ի սահմաններում Էդիկ Հ.-ն իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով երթևեկել է Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայով և թույլ չի տվել, որ համընթաց երթևեկող «ՎԱԶ- 2109»-ը, որի ղեկին Սուրեն Խ.-ն էր, վազանց կատարի: Վերջինս ձայնային ազդանշան է տվել ու մանևրել: Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակ Էդիկ Հ.-ն իր մեքենան կանգնեցրել է Թումանյան փողոցում գործող ավտոլվացման կետի մոտ: Նրա հետևից նույն վայրն է եկել ու կանգնել նաև Սուրեն Խ.-ն: Վազանց կատարելը խանգարելու, նաև՝ ավտոլվացման կետի առջև մեքենան թեք կայանելու հարցերի շուրջ Սուրենը պարզաբանում է պահանջել Էդիկից: Վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել: Միջամտել է Սուրենի ընկեր Հարություն Ս.-ն, որը գտնվում էր ավտոլվացման կետի մոտ:
Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Հ.-ն սուր ծակող-կտրող գործիքով «շեշտակի և ուժգին» մեկ հարված է հասցրել Սուրեն Խ.-ի որովայնի առաջնային մակերեսին, դանակի մի հարված էլ հասցրել է Հարություն Ս.-ի կրծքավանդակի առաջնային մակերեսին՝ երկուսի առողջությանն էլ դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
2014 թվականի օգոստոսի 6-ին Էդիկ Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հետախուզման մեջ գտնվող Էդիկ Հ.-ն Հայաստան վերադառնալու իր մտադրության մասին նախապես տեղեկացնելով ոստիկանության աշխատակիցներին՝ 2017 թվականի ապրիլի 12-ին, ժամը 00:30-ին Գոգավանի անցակետով մուտք է գործել ՀՀ, կամովին ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել է:
Քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է: Նույն օրը Էդիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Էդիկ Հ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: