▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզի բնակչուհին մեղադրվում է իրեն առևանգելու մասին սուտ մատնություն կատարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է իրեն առևանգելու վերաբերյալ Լոռու մարզի բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերին Լոռու մարզի բնակչուհին ծանոթացել է Ստեփանավան քաղաքի բնակիչ Մալերյանի հետ, որի արդյունքում հաստատվել են սերտ շփումներ։

2015թ. հունվարի 2-ին, երկուստեք համաձայնությամբ, Մալերյանի ընկերոջ ավտոմեքենայով մեկնել են Ստեփանավան։ Երիտասարդները գիշերել են Ստեփանավանում։

Քննությամբ պարզվել է, որ բնակարանում տեղի ունեցած զրույցի ընթացքում աղջիկը պատմել է իր նախկին հարաբերությունների մասին, ապա Մալերյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում ամուսնանալ նրա հետ և ընկերոջ ավտոմեքենայով կնոջը տեղափոխել է նրա հայրենի գյուղ, որպեսզի ծնողները չանհանգստանան։

Օրեր անց՝ 2015թ. հունվարի 5-ին, կինը ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելով սուտ մատնության համար հանցագործության մասին` գրավոր հաղորդում է ներկայացրել, որ, իբրև, հունվարի 2-ին Ստեփանավան քաղաքի 2 բնակիչ, բռնություն գործադրելով, ամուսնության նպատակով իրեն առևանգել են և տեղափոխել Ստեփանավան, որտեղ իր կամքին հակառակ պահել են մեկ օր՝ այդպիսով նրանց մեղադրելով ծանր հանցագործության մեջ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015թ. փետրվարի 16-ին Լոռու բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Մարտի 12-ին նշված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եղրակացությունը հաստատվել է և ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին