▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Զաքարյանի, Վարդգես Սուրենյանցի բնակարանները վաճառվում են.Ներդրումներ կատարողներ են պետք

«Ջավախքին աջակցություն»  հիմնադրամը նախատեսում է Ախալցխայի մեծերի միացյալ թանգարան ստեղծել և այդ տեսանկյունից դիտարկել են նաև երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանը.

«Անձամբ գնացել և տեսել եմ շենքը: Իմ կարծիքով՝ այս թանգարանի համար լավագույն տարբերակը չէ: Մեծերը շատ են, մտածում եմ՝ ամեն պատը մի գործչի նվիրել, իսկ Լուսինե Զաքարյանի բնակարանը չունի այդ հնարավորությունը: Հանդիպել ենք նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, հիմա ստեղծում ենք հանձնաժողով, կներգրավվեն ոլորտի մասնագետներ, մի քանի տարբերակներ կդիտարկեն: Նշեմ, որ տարբերակներից մեկը 1830 թվականին կառուցված և մինչ այժմ շատ լավ պահպանված  կառույց  է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ջավախքին աջակցություն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ Լուսինե Զաքարյանի տունը վաճառվում է 45-50 հազար դոլարով.

«Երկհարկանի տան առաջին հարկում այժմ բնակվում է վրացի ընտանիք: Երկրորդ հարկը պատկանում է հայ  ընտանիքի, որն այժմ Ռոստովում է բնակվում: Մեզ ասացին, որ հայ ընտանիքն էլ է պատրաստ վաճառել բնակարանը, սակայն ստույգ տեղեկություն չունենք: Եթե մարդիկ կգտնվեն, որ պատրաստ կլինեն ներդրումներ կատարել, ինչու չէ, ձեռք կբերենք: Ուզում եմ տեղեկացնել, որ վաճառվում է նաև ականավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը»,-մանրամասնեց Աշոտ Հակոբյանը:

Նշենք, որ Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքի բարելավման նպատակով ծնունդով Ջավախքից ﬕ շարք գործարարներ և մտավորականներ՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը (1926-2015 թթ.), Վիրահայոց թեﬕ առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայք Ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեﬕկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավար Գագիկ Գինոսյանը, 2014 թ. հունվարին Երևանում հիմնադրել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), որն ապաքաղաքական, շահույթ չհետապնդող կառույց է:

Հետամուտ լինելով Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը` ՋԱՀ-ի աջակցությամբ կամ անմիջական նախաձեռնությամբ իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ և մի շարք ծրագրեր՝ բազմազավակ ընտանիքներին դրամական պարգևների տրամադրում, մշակութային հաստատությունների հիմնում, ցուցահանդեսների, ճամբարների, շնորհանդեսների, բարեգործական համերգների, ավանդական հանդիսությունների, համաժողովների և երիտասարդական միջոցառումների կազմակերպում, աջակցություն հուշակոթողների բացման արարողություններին, գրքերի հրատարակում, հեռուստառադիոհաղորդաշարերի պատրաստում և այլն։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին