Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել մամլո ասուլիս, որը կապված էր ամբաստանյալներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ իրականացվող դատավարության շուրջ Ադրբեջանում բարձրացված աղմուկի հետ:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը ասուլիսի ժամանակ նշել է. «Որպես ինքնիշխան ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան՝ ես ստիպված եմ իմ խորին վրդովմունքը հայտնել ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցների կողմից ներկայացված մտացածին, ապատեղեկատվական հրապարակումների կապակցությամբ, թե իբր ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկած Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունը Հայաստանի իշխանությունների կողմից պատվիրված «թատրոն» է, և որ նշված անձինք ենթարկվում են դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների»:
Ըստ Յու. Հայրապետյանի՝ ադրբեջանական իշխանությունները չէին ցանկանա խոստովանել, որ ԼՂՀ-ում, ի տարբերություն Ադրբեջանի, մարդուն դատում են ոչ թե ազգային պատկանելության, այլ միայն կոնկրետ հանցագործության համար` պահպանելով մեղադրյալների՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր իրավունքները: Նույնը վերաբերում է նաև Դ.Ասկերովին և Շ.Գուլիևին, ովքեր մեղադրվում են ԼՂՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված ծանր հանցագործությունների կատարման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ՄԻՊ-ը մշտապես դիտարկում է այդ անձանց իրավունքների հետ կապված իրավիճակը, ինչպես քննչական մեկուսարանում, այնպես էլ դատավարության ողջ ընթացքում:
Դիտարկումները ցույց են տվել, որ դատավարությունն ընթանում է ԼՂՀ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի ընդունված նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Ամբաստանյալների բոլոր իրավունքները պաշտպանվում են. նրանք ունեն փաստաբաններ, թարգմանիչ, ազատորեն հանդես են գալիս հայտարարություններով ու տարբեր միջնորդություններով, որոնք դատարանի կողմից քննարկվում և համապատասխան ընթացք են ստանում. նրանք օգտվում են ամբաստանյալի կարգավիճակից բխող բոլոր իրավունքներից:
Արցախի օմբուդսմենը այսօր տեղեկացրեց նաև, որ վերոնշյալ դիտարկումների վերաբերյալ հայտարարության տեսքով ուղարկել է նաև իր գործընկերներին՝ Օմբուդսմանների եվրոպական ինստիտուտի թվով մոտ 150 անդամների, Մարդու իրավունքների ՄԱԿԻ և Եվրախորհրդի հանձնակատարներին, Եվրոպայի օմբուդսմանին և միջազգային մի շարք պաշտոնական և ոչ կառավարական կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ պետությունների դեսպանությունների՝ ավելի քան 300 հասցեատերերի:
Յու. Հայրապետյանի խոսքով՝ իր կողմից հայտարարության մեջ առաջարկ է եղել նաև, որ միջազգային համապատասխան կառույցի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է ազատ այցելել ԼՂՀ, դիտարկել վերը նշված դատավարությունը, ինչպես նաև հանդիպել ամբաստանյալների հետ: