Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից Սասուն Օթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը հանրապետությունից չբացակայելու համար:
Ինչպես հայտնում է Շամշյան.com-ը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ինչպես Դիլիջանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է մարտի 3-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի 65 հասցեի՝ նախկին շին. տրեստի մոտ Դիլիջանի բնակիչ 52-ամյա Հովհաննես Սանթրոսյանին վրաերթի ենթարկելու փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մարտի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել քաղաքացիների կողմից, որ Սայաթ-Նովայի նշված հատվածում մահացած տղամարդու դի կա:
Նշված վայր էին մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
Նույն պահին Դիլիջանի ոստիկանապետի կողմից ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր, որոնցից մի խումբը զբաղվում էր վրաերթի ենթարկվածի ինքնության պարզմամբ, իսկ մյուս խումբը՝ վրաերթ կատարած և փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Բացահայտման աշխատանքներն ավելի էին դժվարանում, քանի որ ոչ մի հետք վրաերթի վայրում չկար, և միայն լուսաբացին օպերատիվ-հետախուզական տեղեկություններն իրացնելով, նշված վրաերթը կատարելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանները բաժին են բերման ենթարկում Դիլիջան քաղաքի Կամարինի 52 տան բնակիչ, 26-ամյա Սասուն Օթարյանին, ով ոստիկանությունում սկզբում փորձում էր հերքել իր կողմից կատարված մահվան ելքով վրաերթը, սակայն երբ հարազատների միջոցով տեղեկանում է, որ ոստիկաններն արդեն հայտնաբերել են իր կողմից վարած BMW մակնիշի 91 ՈՈ 111 համարանիշի ավտոմեքենան, խոստովանում է կատարվածը:
Դիլիջանի ոստիկանները հայտնաբերված BMW-ն տեղափոխել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է ճանաչված երգիչ Արամեի անունով, ով վաճառել է նշված մեքենան, սակայն մինչև այս պահը անվանափոխություն չի կատարվել: