Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Երևանից գործուղված բժիշկ-վնասվածքաբանի ուղեկցությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` փոխնախարար Վահան Պողոսյանն այցելեց Մամիկոն Խոջոյանին:
«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,-ասաց Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո և նրա առողջական վիճակի մասին պարբերաբար կզեկուցվի:
Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվեց հետազոտման պլան: Կատարվեցին կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շետրագրում:
Հիվանդի վիճակն այս պահին մասնագետները գնահատում են կայուն ծանր: Վերակենդանացման բաժանմունքում նա ստանում է ներերակային թերապիա:
Հետազոտությունների ամբողջական արդյունքներից հետո կորոշվի բուժման հետագա ընթացքը: