Մարդիկ հաճախ են շփոթում հայրենասիրությունն ազգայնականության հետ: Ավելի ճիշտ՝ իրական հայրենասիրություն են համարում ազգայնական լինելը: Մինչդեռ ազգայնականությունը՝ նախնյաց իրական ու, հաճախ էլ, երևակայական առաքինությունները, սխրագործություններն ու փառքը անցյալի մութ բավիղներում փնտրել-գտնելու ու պեղածի հիման վրա ինքնարժևորվելու միջոցով ազգային թերարժեքության բարդույթից ազատվելու և օտարների հանդեպ սեփական առավելության զգացումը հիմնավորելու ձև է: Ազգայնականությունը կապ չունի իրական ներկայի հետ՝ այն երանելի անցյալի որքան և պայծառ, նույնքան էլ սակավաթիվ էջերն է սրբապատկեր դարձնում և այլոց հանդեպ ունեցած կարծեցյալ առավելության զգացումը կիրառում որպես ցանկալի ապագայի շինանյութ: Մեծ հաշվով ազգայնականը չունի ներկա (քանի որ այս իրականության մեջ գոյություն ունեցող ներկան նրան ամենևին դուր չի գալիս), իսկ դրա փոխարեն ունի փառքերով լեցուն անցյալ և, ուրիշների հանդեպ սեփական առավելությունը բռնությամբ նյութականացնելու միջոցով ստեղծվելիք՝ պայծառ ու երջանիկ երևակայական ապագա: Ազգայնականությունն ու կոմունիզմի գաղափարախոսությունը կոնֆլիկտածին են իրենց բնույթով: Դրանց տարբերությունն այն է, որ ազգայնականության գաղափարակիրն իր ազգային առավելությունը պարտադրում է օտարներին, մինչդեռ կոմունիզմը գործնականում կիրառվել է որպես յուրայիններին բռնանալու ու ստրկացնելու գործիք: Ի տարբերություն ազգայնականի, հայրենասերն ունի ներկա և հենց ներկայի հիման վրա է գնահատում իր անցյալը, փորձում հասկանալ նախկինում ունեցած կորուստների պատճառները, իսկ ապագայի տեսլականն էլ բխեցնում է իր այսօրվա առկա իրական ներուժի հստակ գնահատականից:
Մարդիկ հաճախ են շփոթում հայրենասիրությունն ազգայնականության հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet