▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ, որոնց պատճառով են թերևս ասում «ԳԵՂԵՑԻԿ ՉԷ, ՏԱՐՈՆ…»

Յուրաքանչյուր բնակավայրի պատկեր ամբողջական ու ինքնատիպ է միայն այն դեպքում, երբ ամեն մի դրվագ մշակվում ու ծառայեցվում է վերջինիս տեսքը ներկայանալի դարձնելուն: Մեծ քաղաքների պարագայում այս խնդիրն առավել խոշոր ծավալներ է ընդգրկում ու թերևս նաև դա է պատճառը, որ ի հայտ է գալիս հատուկ մասնագետների օգնությանն ու միջամտությանը դիմելու անհրաժեշտությունը: Հենց նրանք էլ կոչված են ապահովելու քաղաքի տեսքի ընդհանուր ներդաշնակությունը: 
Երևանը ևս ունի մասնագետներ, ովքեր, թվում է, պետք է հոգ տանեն գոնե նվազագույնս քաղաքի տեսքը դիզայներական ստանդարտներին համապատասխանեցնելու համար: Բայց արի ու տես, որ վերջիններիս համար առայժմ անհասանելի են մնում ոչ միայն համապարփակ մտահղացումներն իրագործելու քայլերը, այլև առաջին հայացքից այնպիսի աննշան, նախնական ձեռնարկումներ, որոնք կարծես թե ոչ միայն մեծ ջանքեր, այլև մեծ երևակայություն չեն պահանջում: 
Նաև սա էր պատճառը, որ Asekose.am-ը` քաղաքապետարանի հատուկ կառույցներին հասցեագրած իր հարցաշարում գերազանցապես կենտրոնացել էր այդ «անմեղ» խնդիրների վրա` հուսալով, որ գոնե սրանց համար կստանա ամփոփ ու լիարժեք պատասխաններ: Այս «լիարժեքը» մենք ակնկալում էինք ստանալ բուն պատասխանատուից` Երևանի գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանից, և նման ցանկությունը միանգամայն տրամաբանական էր: Ուրիշ էլ ո՞վ պիտի պարզաբանումներ տար, եթե ոչ նա:
Սակայն մեր լավատեսությունը վաղաժամ էր, քանի որ արդյունքում հարցաշարին պատասխանել էր քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` պատշաճ կերպով կատարելով իր աշխատանքային պարտականությունները և «անպատշաճորեն» հեռանալով թե խնդրից, թե մասնագիտական իմացությունների ոլորտից:
Օրինակ, Asekose.am-ը մտահոգություն էր հայտնել Երևանի կենտրոնական հատվածում արտաքին գովազդի առատության փաստի առիթով: Մեր դիտարկմամբ` հաճախ սոցիալական գովազդների համար նախատեսված ցուցապաստառներին հայտնվում են կոմերցիոն բնույթի գովազդներ:

Սրան ի պատասխան ստացվեց բացատրություն առ այն, թե Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում արտաքին գովազդի վահանակները տեղադրվում են համապատասխան գործող չափանիշների: «Գովազդակիրներին (գովազդային միջոցներ ունեցող կազմակերպություններ) տրամադրված հողամասերում կառուցապատման իրավունք է վերապահվել` գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով և, բնականաբար, գովազդակիրները տեղադրում են կոմերցիոն բնույթի գովազդներ, սակայն համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջների. գովազդակիրները պարտավոր են իրենց ամբողջ տպագրական մակերեսի 5%-ի չափով տարեկան տեղադրել սոցիալական բնույթի գովազդներ»: 
Օրենսդրություն հիշեցնող այս պատասխանը ոչ միայն չի պարզաբանում մեր կողմից առաջ քաշած հարցը, այլև շեղում է բուն թեմայից` փոխարենը արտաքին գովազդների մասով պատասխանի մեջ նշելով մեկ «հուսադրող» հանգամանք` Երևանի քաղաքապետի հանձնարարականով Երևանի Կենտրոն վարչական շրջանի համար մշակվում է գովազդային նոր հայեցակարգ, որը շուտով կմտնի շրջանառության մեջ և կքննարկվի գովազդային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ:
Asekose.am-ի հարցման երկրորդ մասը վերաբերում էր Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող Կարապի լճի շրջակայքում տեղադրված «սավանե» էկրանին: Որքանո՞վ է տեղին նման էկրանի տեղադրումը`դիզայնի տեսանյունից, արդյոք հնարավո՞ր է տեղադրել այն միայն այն ժամանակ, երբ կա դրա անհրաժեշտությունը, իսկ մյուս օրերին դա հեռացնել լճի շրջակայքից:


Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից տրվել է հետևյալ լակոնիկ պատասխանը. «Կարապի լճի կենտրոնում տեղադրված էկրանը օգտագործվում է ամեն օր` երեկոյան ժամերին և անհրաժեշտություն չկա ամեն օր ապամոնտաժել և երեկոյան ժամերին տեղադրել այն»:
Տեղեկացանք, որ էկրանը տեղից շարժել չի կարելի, իսկ թե որքանո՞վ է այն գեղեցիկ` զուտ դիզայնի տեսանկյունից` մենք պատասխան չստացանաք: 
Հարցման երրորդ հատվածը վերաբերում էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերաբերյալ տեղեկատվական ցուցանակին: Մեր համոզմամբ նրա տեղը պիտի լինի շենքի գլխավոր մուտքի մոտ, այլ ոչ թե հակառակ կողմում` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի մուտքի կողմից:

Հարցին քաղաքապետարանը պատասխանել էր` կիրառելով Wikipedia-ին բնորոշ բոլոր հնարավոր գործառույթները: Քաղաքապետարանը պատմել է մեզ նախ` թե երբ է կառուցվել թատրոնի շենքը, ում կողմից, ապա ներկայացրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահի և նույնիսկ վերջինիս արձանի պատմությունը: Ապա, մի քանի տողով անդրադարձել է մեր հարցին` ասելով. «Տվյալ ցուցանակը նշում է տեղեկատվություն Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիակական Թատրոնի շենքի մասին, իսկ մասնատել, առանձին հատվածներով ներկայացնել ամբողջական շենքը` ուղղակի անթույլատրելի է»: (Հիշեցնենք, որ մենք հանդես չէինք եկել Օպերայի շենքի մասին տեղեկատվությունը մասնատելու առաջարկով, այլ ընդամենը ակնկալել ենք լսել տեղեկատվական ցուցանակի գտնվելու վայրի նպատակահարմարության միայն դիզայների մասնագիտական կարծիքը, որին այդպես էլ չարժանացանք): 
Նման անուշադրությունն իր «հարգելի» պատճառներն ունի: Գաղտնիք չէ, որ քաղաքի գլխավոր դիզայները հակված է իրեն վստահված պաշտոնն առավելապես ծառայեցնել սեփական բիզնեսին, այլ ոչ թե քաղաքի շահերին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Գառնիկ Ամատունյանը հնարավորությունը ձեռքից բաց չի թողնում քաղաքի այս կամ այն հաստատությունում դիզայներական ձևավորման եկամտաբեր պատվերներն իրենով անել: Ասվածի վերջին օրինակը կարող է լինել«Americano» սրճարանը: Իսկ սրա հետ մեկտեղ թիվ մեկ դիզայները նաև սերտ առնչություններ ունի «Դիզայն դե լյուքս» ամսագրի հետ, ինչով ևս կարելի է զբաղվել անմիջական պարտականությունների հաշվին, քանի որ, եթե անկեղծ ասենք, Երևանն ամենևին էլ նրա ծառայությունների կարիքը չունի: Ու եթե հերթական անգամ քաղաքապետը հարկադրված լինի լսելու հանրահայտ դարձած «Գեղեցիկ չէ, Տարոն…» արտահայտությունը, ապա մայրաքաղաքի գլխավոր դիզայների սիրտը հազիվ թե ցավից ճմլվի ոչ Տարոնի համար, ոչ Երևանի: Աշխարհն` աշխարհով, դիզայներն` իր գործերով:

 

Հեղինակ` ՄՈՆԹԵ Քրիսթափորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին