▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Փաշինյանն ասելիք ունի, նրա գրառումները խորքային են. Հովիկ Աղազարյան

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը հոդված էր հրապարակել Արթուր Վանեցյանի դեմ՝ գրելով, թե նա է եղել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ կայքերում հրապարակվող նյութերի հեղինակը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հետաքրքրվել են՝ հավատո՞ւմ եք, որ Արթուր Վանեցյանը նման բան կարող էր անել:

Ի պատասխան՝ Հովիկ Աղազարյանն ասել է , որ Արթուր Վանեցյանին նախկինում ընդհանրապես չի ճանաչել, իսկ հեղափոխությունից հետո ճանաչել է՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա.

«Մեկ-երկու անգամ իր հետ հանդիպելու առիթ եմ ունեցել, և հետևաբար՝ պատասխանել այդ հարցին շատ դժվար է: Միակ թեթև բռնելու տեղը, որ կարելի է փորձել պատասխանել այդ հարցին, կարող է լինել այն, որ Արթուր Վանեցյանն իր պաշտոնը թողնելուց հետո հայտարարեց, որ ինքը դեռ կխոսի, դեռ ասելիք ունի: Բայց դրանից էլ հետևություն անել, որ նա կարող է նման բան անել, ես չեմ կարող: Ես ո՛չ կժխտեմ, ո՛չ կհաստատեմ»:

Հարցին՝ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար երբևէ վտանգ ներկայացրե՞լ է կամ այսօր ներկայացնո՞ւմ է, նա այսպես է պատասխանել. «Դե, եթե շարունակեր պաշտոնավարել ԱԱԾ պետի պաշտոնում և եթե հետապնդեր քաղաքական նպատակներ, ապա դա անթույլատրելի էր և ինչ-որ վտանգներ կներկայացներ: Հիմա արդեն՝ ոչ»:

Հովիկ Աղազարյանից լրագրողը ճշտել է, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի ընտանիքի անդամների ներգրավմանը քաղաքական գործընթացներին:

«Վարչապետի ընտանիքի անդամներից մեկը ծառայում է բանակում, որը նույնպես բավականին ակտիվ երիտասարդ էր և շատ ակտիվ մասնակցություն ուներ մեր կազմակերպած շատ-շատ միջոցառումների: Մյուսը տիկին Աննա Հակոբյանն է, որն ինքն իրենով կայացած անձնավորություն է՝ իր աշխարհայացքով և անցած ուղիով, և շատ տարօրինակ կլիներ, որ հակառակը լիներ իր դեպքում: Մարիամն էլ, եթե չեմ սխալվում, 20 տարեկան է. 20 տարեկան երիտասարդ օրիորդ, ով նույնպես ասելիք ունի: Հետևաբար՝ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Այն ձևակերպումը, որ ընտանիքը խառնվում է գործերին, այս դեպքում համապատասխան չէ»,- պարզաբանեց պատգամավորը:

Հովիկ Աղազարյանը նկատել է՝ Մարիամ Փաշինյանի գրառումներն ուշադրության են արժանանում, որովհետև նա վարչապետի դուստրն է. «Բայց շատ-շատ երիտասարդներ կան, որոնք նույնպես նմանատիպ գրառումներ են անում: Միգուցե ոչ միշտ՝ ճիշտ, բայց նրանք իրավունք ունեն, չէ՞»:

Հարցին՝ եթե նման ակտիվություն դրսևորեին նախկին իշխանության ընտանիքի անդամները, իր վերաբերմունքը նույնը կլինե՞ր, պատգամավորը պատասխանել է.

«Նման ակտիվություն չէին կարող դրսևորել նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամները, որովհետև նախկին պաշտոնյաները եկել են այդ դիրքին լրիվ ուրիշ մեթոդներով, ձևերով, հետևաբար՝ չի եղել գործընթաց, որ այդ գործընթացի մեջ ընտանիքի անդամներն այս կամ այն կերպ ներգրավված լինեին, կարծիք հայտնեին և որպես անհատներ ձևավորվեին: Ո՞վ կարող էր մտածել, որ վաղը չէ մյուս օրը պետք է կազմակերպվեն ընտրություններ, և այդ ընտրությունների կեղծելու արդյունքում իր հայրիկը պետք է զբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը, ո՞վ կարող էր նման բան մտածել: Հետևաբար, ինքը ո՞նց պետք է պատրաստ լիներ: Դրա համար հիմա փորձում են՝ որոշ դեպքերում խոսք են ասում, ելույթներ են ունենում՝ ստեղծված իրավիճակի թելադրանքին համապատասխան, և տեսնում ես, որ շատ խորքային չեն»:

Լրագրողը ճշտել է՝ այսինքն՝ Մարիամ Փաշինյանի գրառումները խորքային են: «Այո»,- պատասխանել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին