▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատը մատին չեն խփում․ որդեկորույս մայրերը դիմում են Նիկոլ Փաշինյանին

 

Պետք է փոխվեն այն քննիչներն ու դատախազները, որոնց աշխատանքի արդյունքում մահացած զինվորների գործերը չեն բացահայտվել։

«Դատաիրավական համակարգը, քննչական մարմինները, վարչապետը  պետք է փոխեն  այն քննիչներին ու դատախազներին, ովքեր մահացած զինծառայողների քրեական գործերը տարել են ուրիշ ուղղությամբ, սարքել են չբացահայտված գործեր և տարիներ շարունակ մենք այստեղ  կանգնած ենք»,- ասել է 2007 թ. N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝  Գոհար Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում։

Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած ժամկետային զինծառայողների մայրերն ինչպես գործադիր մարմնի նիստի ցանկացած օր, այսօր կրկին  կառավարության շենքի դիմաց էին։ Մոտ մեկ տասնյակ ծնողներ, իրենց մահացած որդիների լուսանկարները  ձեռքներին, լուռ կանգնած էին մեջքով կառավարության շենքը։ Նրանց թիկունքին շարքով կանգնած էր ոստիկանական շարքը։

Ծնողները  պնդում են՝ իշխանափոխությունից հետո էլ իրենց որդիների սպանության գործերը պատշաճ չեն քննվում,  եւ, ինչպես  նախկինում, հիմա էլ չգիտեն՝  որն է եղել իրենց որդիների մահվան  իրական պատճառը

Չնայած իրենց հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ գործերը  վերստին  կքննվեն, մայրերի պնդմամբ, որևէ գործողություն քննիչների կողմից չի իրականացվել։

«Ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ լինի, որ  ո՛չ քննչական կոմիտեն, ո՛չ պաշտպանության նախարարությունը, ո ՛չ դատախազությունը մատը մատին չեն խփում » ,- ասում է Իրինա Ղազարյանը՝ մահացած զինծառայող  Արթուր Ղազարյանի մայրը։

 Այսօր էլ նրանց որեւէ մեկը պաշտոնյաներից չմոտեցավ։ Մի ժամ կանգնելուց հետո՝ նրանք  հեռացան՝  հայտարարելով, որ անկախ զարգացումներից՝ չեն լռելու։

«Ես պիտի իրենց ապացուցեմ, որ դատաիրավական համակարգը, դատախազությունը սխալ է, և պահանջում եմ, որ քրեական պատասխանատվության ենթարկեն այն մարդասպանին, ով զինվորի վրա ձեռք է բարձրացրել »,- կայքին ասաց  Գոհար Սարգսյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին