▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ Ազգ, Մեկ Եկեղեցի, Երկու՞ Ամենայն Հայոց Կաթողիկոս

ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՂՈՔԵԼ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 1700-ամյա պատմության ընթացքում ե՞րբ է եղել երկու ամենայն հայոց կաթողիկոս:

 

ՄԵԿ ԱԶԳ , ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ

ԵՐԿՈ՞Ւ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ...

 

 «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 11 նոյեմբերի 2014թ.:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, մեր ազգային շահերը առավել ևս անհրաժեշտություն են դարձնում աշխարհացրիվ հայ ժողովրդի միասնականությունը:

Այդ միասնականության ապահովման, ազգի բոլոր զավակներին մեկ դրոշի տակ համախմբելու պարտականությունը նախ և առաջ դրված է ազգի իշխանավորների ու հովվապետերի ուսերին:

Բայց կատարվում է հակառակը:

Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետ Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հովվապետական յոթերորդ այցը Իրան փոխարեն ի մի բերի, ոգևորի ու համախմբի մեր ժողովրդին, սերմանում է խռովություն ու շփոթություն, առիթ տալիս բողոքների ու տարանջատումների:

Ս. Էջմիածնից անօրինաբար զավթված իրանահայ, այժմ անթիլիասական, երեք թեմերի վարած քաղաքականությունը պառակտում ու շփոթություն է առաջացնում թե՛ իրանահայ համայնքում և թե՛ ընդհանուր հայության ազգային կրոնական կյանքում:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 1700-ամյա պատմության ընթացքում ե՞րբ է եղել    երկու ամենայն հայոց կաթողիկոս: Պատահել է, որ մի ժամանակահատվածում եղել են չորս կաթողիկոսներ, բայց դրանցից միայն մեկն է եղել ամենայն հայոց, իսկ մեր ժամանակաշրջանում՝ Անթիլիասում, Արամ կաթողիկոսի գահակալությունից հետո, իրանահայ թեմերի ղեկավարները աշխատում են Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետին շնորհել «ամենայն հայոց» կոչումը:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ամենասուրբ արարողություններից մեկը սուրբ պատարագի մատուցումն է: Այդ հոգեպարար արարողության մեջ ևս, առնվազն 2000 թվականից այս կողմ, կատարվել է փոփոխություն, հիշմուքի ժամանակ հիշում են՝ «... մեր Եպիսկոպոսապետին և Ամենայն Հայոց պատւական Հայրապետին՝ Տէր Տէր Գարեգին սրբազնագոյն Կաթողիկոսի ու նաեւ մեր Եպիսկոպոսապետ եւ Ամենայն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետին՝ Տէր Տէր Արամ սրբազնագոյն Կաթողիկոսին ...»:

Մեկ Առաքելական Եկեղեցին քանի՞ եպիսկոպոսապետ կարող է ունենալ, եթե ոչ մեկը, որն էլ, ըստ բոլոր կրոնական աղբյուրների, հատկացված է Ս. Էջմիածնի գահակալին:

Նաև ո՞րն է «Եպիսկոպոսապետ եւ Ամենայն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետ» բառաշարի իմաստը: Կրոնապատմական ո՞ր աղբյուրում գոյություն ունի նման  անվանակոչում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար: Ո՞ր Ազգային կամ կրոնական ժողովում է հաստատվել այս անվանակոչումը: Ի՞նչ է այս խեղաթյուրման իմաստը, ի՞նչ են հետապնդում և ու՞ր են ուզում հասնել նրա հեղինակները: Թող նրանք բացեիբաց պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարեն իրենց գործունեության օրինականությունը կամ իրենց արարքի նպատակը, ներկայացնեն իրենց փաստարկները, գուցե համոզեն բոլորին:

Այս նենգափոխումը ոչ մի իրավական հիմք ու արդարացում չունի և չի կարող դիմանալ որևէ քննադատության: Ժամանակին Սպահանի հայոց թեմի Ներկայացուցչական ժողովներից մեկում մի քանի ներկայացուցիչների բողոքից հետո, ժողովը որոշում կայացրեց դադարեցնել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին կցել «ամենայն հայոց» տիտղոսը, մի կարճ ժամանակահատված կիրառվեց այդ որոշումը, բավարարություն պատճառելով բոլորին, սակայն ժամանակ անց թեմակալ առաջնորդի որոշմամբ կրկնվեց ու կրկնվում է նախկին սխալը:

Միթե՞ Արամ Ա. Կաթողիկոսը անտեղյակ է այս բոլորից, նա ինչո՞ւ է թույլ տալիս նման խեղաթյուրումներ: Եթե նա Ամենայն Հայոց է, ինչո՞ւ իր պաշտոնական նամակագրություններում ու հրատարակած կոնդակներում իր անվան առաջ չի նշում «ամենայն հայոց»-ը:

Էջմիածնի Ս. Աթոռի գահակալ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մեծի Տանն Կիլիկիո գահակալ Արամ Ա. Կաթողիկոսը շատ անելիքներ ունեն մեր եկեղեցու բարեկարգման ու ժողովրդի բարեկեցության  համար: Հայ ժողովուրդը շատ բան է տվել հանուն իր եկեղեցու ստեղծման ու հավատամքի պահպանման: Մեր նվիրական Աթոռները և նրանց Գահակալները շատ բանով են պարտք մեր ժողովրդին: Նվազագույնը թող նրանք պահպանեն ժողովրդի միասնականությունը և պատճառ չդառնան պառակտումի: Մեր եկեղեցին չունի միասնական կանոնադրություն, մինչ այժմ էլ Ս.Էջմիածինը իր թեմերով առաջնորդվում է 1836 թ. ռուսահայոց համար Ցարական Ռուսաստանի կողմից հաստատված  «Պոլոժենիա»-ի օրենքով, իսկ Կիլիկիո Կաթողիկոսությունը 1861թ. թուրք սուլթանի կողմից հաստատված «Սահմանադրություն տաճկահայոց համար» օրենքով:

21-րդ դարում ի՞նչն է պատճառը որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր հայրերը և հայ պետական ու ազգային այրերը չեն կարողանում կամ չեն ցանկանում ի մի գալ ու մշակել միասնական մի կանոնադրություն, որում այլևս չլինի Աթոռների ու Թեմերի տարանջատում, էջմիածնական ու կիլիկյան թեմեր ու եկեղեցիներ միևնույն երկրում, չլինեն էջմիածնական ու կիլիկյան հոգևորականներ, որոնք իրարու որակեն աբեղաներ ու սատանաներ, կամ կոնդակներով անիծեն իրար, որպեսի ազգն էլ իմանա՝ ո՞վ է գերադասն ու ո՞վ է հպատակը: Եվ վերջապես ո՞րն է Սբ. Էջմիածնի պաշտոնական վերաբերմունքը, արծարծված խնդրի նկատմամբ:

Մինչ 1990 թվականը պառակտման մեջ մեղադրում էին Խորհրդային Հայաստանի իշխանություններին, ի՞նչ ունեն ասելու այժմ, 25 տարի անկախությունից հետո:

Հրաչ Միրզախանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին