▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք նստած էինք ռեստորանում և Միքայել Մինասյանն անձամբ ինձ ասաց դա․․․

«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

- Հետեւո՞ւմ եք Երեւանում, մասնավորապես Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին, վիրավորներ ու խոշտանգվածներ կան:

- Ինձ համար ավելի կարեւոր է Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ից անխուսափելի դուրս գալու մասին: Կներեք ինձ, բայց ինձ թույլ կտամ մեծամտանալ՝ ես ճիշտ էի, երբ վերջին ժամանակներս անընդհատ ասում էի, որ Փաշինյանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից: Դա շատ խորամանկ հայտարարություն է, որովհետեւ ՀԱՊԿ-ը կառույցից բացառելու կամ դուրս թողնելու մեխանիզմ չունի։

- Ու սա ամենահետաքրքիր նյուանսն է, երեւի:

- Այո, ամենահետաքրքիրն այն է, որ կարող է շարունակել մնալ, քանի դեռ չի ուզենա դուրս գալ, որովհետեւ կառույցից հեռացնելու գործընթաց չկա: Ապրի ինքը, պետք է ընդունել, դա, իհարկե, ոչ այնքան արժանապատիվ ձեւ է, բայց խորամանկ քայլ է:

- Իսկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունների մասին ի՞նչ կասեք:

- Ես չեմ կարծում, որ այս իրադարձությունները կբերեն Փաշինյանի հրաժարականին, եւ ես նույնիսկ ուշադրություն դարձրի այն հանգամանքին, որ Փաշինյանն անսպասելիորն նստեց հեծանիվի վրա: Դուք երիտասարդ եք ու չեք հիշում, այնինչ հեծանիվներին նստել են մի քանի տարի առաջ՝ Փաշինյանի նոր ընկերները՝ Բրյուսելում, երբ էկոլոգիական շարժումների գովազդ էր պտտվում, որոնցով կոչ էին անում հրաժարվել ավտոմեքենաներից: Եվրոպացի քաղաքական գործիչները հեծանիվ էին վարում, որպեսզի ֆոտոսեսիա անեն եւ այլն: Սա եվրոպացի քաղաքական գործչի լեզուն է: Իսկ ո՞րն է Փաշինյանի այդ եվրոպական քայլի եւ մյուս եվրոպացիների միջեւ տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ ինքն ամեն դեպքում հասկանում է, թե ինչ է նշանակում Երեւան, եւ ինքը հեծանիվ չվարեց պիկ ժամին, այնինչ պետք էր դա անել հենց պիկ ժամին` պրոբլեմի հետ գնալ դեմառդեմ հանդիպման: Բայց նա ընտրեց մի ժամանակ, երբ նրան հեծանիվի վրա ոչ ոք չի հանդիպի։ Դա շատ իմաստուն, խելացի քայլ է:

- Կարծում եք՝ ի՞նքն է դա մտածել, թե՞ իրեն կողքից հուշել են:

- Ոչ, հեծանիվ վարելը գովազդող գործիչներ արդեն եղել են, ինդիվիդուալ մոբիլությունը ցուցադրող, դա եվրոպական բանալ սովորություն է, դրանում ոչ մի նորություն չկա: Կարծում եմ՝ ինքն անձամբ է դա որոշել:

- Շարժման ներուժն ինչպե՞ս եք տեսնում:

- Բողոքի ցույցերը Երեւանում ի սկզբանե լուրջ տպավորություն չեն թողնում այն պատճառով, որ դրա կազմակերպիչները, հովանավորները, ստեղծողները չեն ընտրել իսկական ուժեղ քաղաքական գործչի, այլ որոշել  են թաքնվել հոգեւորականի թիկունքում: Եթե պատկերացնենք, որ Փաշինյանի իշխանությունը կործանվել է, եւ հոգեւորականը դարձել է վարչապետ, նա դեկորատիվ ֆիգուր է լինելու, չէ՞, նա չի կարողանա կառավարել: Ու նրա թիկունքում միանգամից կկազմակերպվեն օլիգարխները: Ես կարծում եմ, որ նման քաղաքական պայքարի մի օրինակ կարելի է գտնել Վրաստանում։ Այնտեղ նույնպես քաղաքական պայքարի գլխավոր հովանավորն ու կազմակերպիչն օլիգարխ է, ով մնաց ստվերում, իսկ իր աշակերտներին, երիտասարդ բյուրակրատներին փոխում է, տեղափոխում է՝ ինքը չերեւալով: Իսկ Երեւանում, գրողը տանի, ոչ մի օլիգարխ ցույց չտվեց իրեն որպես ռեժիսոր, չգիտես ինչու:

- Ինչո՞ւ չգտնվեց:

- Որովհետեւ, եթե ինչ-որ մեկը հանկարծ հանդես գար որպես կազմակերպիչ, միանգամից կհայտնվեր հետաքննության տակ` նրա մոտ կհայտնաբերեին ինչ-որ ոչ օրինական գործարքներ, օպերացիաներ, ու կձերբակալեին նրան, ահա եւ վերջ:

- Այսինքն, կարծում եք` Փաշինյանը կմնա իշխանության գլխի՞ն:

- Փաշինյանը կմնա իշխանության, քանի դեռ ինքն ուզում է:

- Իսկ բողոքի ցույցերի զարգացումն ինչպե՞ս եք տեսնում, ցուցարարներից մեկի ձեռքն ուղղակի կտրվեց` պայթած նռնակից:

- Այո, տեսել եմ լուսանկարը․․․ բայց բողոքի ցույցերի փոխակերպումը հրապարակում անընդհատ ներկայության՝ դա ամենաառաջին նշանն է, որ շարժումը նվաղում է: Ինչպես հիշում եք, Փաշինյանը կարողանում էր հավաքել մեծ ամբոխ՝ այստեղ, այնտեղ էին գնում: Դա ուրիշ բան է։ Ես միանգամից հիշեցի, թե ինչպես մի 20 տարի առաջ Արամ Զավենովիչը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը, եթե չեմ սխալվում, «Հանրապետություն» կոչվող կուսակցություն ուներ, հայտարարեց մասսայական միտինգ հենց կենտրոնական հրապարակին, ու նրան միացավ 70 մարդ: Մոտս դեժավյու է, որ ես դա բազմաթիվ անգամներ տեսել եմ… հենց դու վրաններ ես դնում, խորոված-մորոված ես բաժանում՝ վերջ, ու շարժում չունես: Փաշինյանը հաղթեց, որովհետեւ մի անգամ ահագին մարդ հավաքեց, երկրորդ անգամ հավաքեց եւ այլն: Չնայած, ես կարծում եմ, որ Փաշինյանի հաղթանակի գաղտնիքն այդ ամբոխների մեջ չէր, այլ որովհետեւ Սերժի իշխանությունը հանձնվեց: Դա էր նրա գլխավոր գաղտնիքը: Բացի այդ, ես հիշում եմ, որ այն ժամանակ Երեւանում հանդիպեցի նրա փեսային՝ Ձեզ հայտնի, ու նա ինձ ուղղակի ապշեցրեց սենսացիոն լուրով, իսկ այն ժամանակ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններով Ազգային ժողով անցավ «Իմ քայլը» խմբակցությունը, կարծես թե 8 տոկոս էին ստացել: Եվ ահա, Միկան ինձ ասում է՝ այս կուսակցությունը հաջորդին վերցնելու է մեծամասնությունը:

- Ձեզ դա անձամբ ասել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյա՞նը:

- Այո, Փաշինյանի՝ իշխանության գալուց մի քանի տարի առաջ: Ես էլ հարցրի՝ ինչի՞դ է պետք դա։ Ասաց՝ դե այդպես։ Իհարկե, դա ասաց ինձ դեմառդեմ, մենք նստած էինք ռեստորանում, հաց էինք ուտում: Ես դա երբեք ոչ ոքի չեմ պատմել՝ հիմա եմ Ձեզ պատմում այդ մասին: Ես դա կարող եմ բացատրել այսպես․ որ հարգարժան, շատ խելացի եւ շատ ուժեղ քաղաքական աշխատակից Միքայել Մինասյանը մտածում էր, որ ինքը կարող է կառավարել նման խորհրդարանը: Դե, ինքն այդպես մտածում էր, իրեն այդպես թվաց: Բայց այդ հարցում ես տեսնում եմ որոշակի փոքրիկ բացատրություն, թե ինչու Սերժը հանձնվեց, այսինքն, նրանք վաղուց դիտարկում էին Փաշինյանին որպես հնարավոր կառավարելի ֆիգուր, եւ Փաշինյանը նրանց հիասթափեցրեց՝ նրանք չկարողացան կառավարել նրան: Սերժը դրա համար էլ նահանջեց նրա առաջ, որ նման տպավորություն լիներ, որ իրենք ինչ-որ կերպ կկարողանան ղեկավարել նրան, այլապես Միկան դրանից մի քանի տարի առաջ ինձ այդ մասին չէր ասի: Նոր էին ընտրություններն անցել, «Իմ քայլն» անցել էր 8 տոկոսով: Ես ասացի` ո՞նց կարող է 8 տոկոսով կառավարություն կազմել եւ մեծամասնություն դառնալ, Միկան ինձ ասաց՝ դե, հաջորդին կլինի դա: Հիմա տեղի ունեցող իրադարձությունների իրական բնույթը գնում է դեպի բավականին վաղ տրամադրությունների խորքը, ե՛ւ Սերժի, ե՛ւ Նիկոլի կողմից, որ նրանք կարծում են, որ իրենք կարող են կառավարել տարերքը, իսկ տարերքը կառավարել անհնար է:

- Չի՞ ստացվում, որ Փաշինյանին հաջողվում է տարերքը կառավարել:

- Նա տարերքը չի կառավարում: Ընտրություններին մասնակցեց միայն 50 տոկոսը, 50 տոկոսից նա ստացավ միայն կեսը, այսինքն՝ նրա լեգիտիմությունը միայն 25 տոկոս է կազմում՝ ընտրողների ընդհանուր թվից:

- Հիմա ավելի ցածր է այդ թիվը՝ անհամեմատ ավելի ցածր:

- Տեսնո՞ւմ եք, դա շատ չէ, մնացած 50-ը քվեարկեցին ընտրություններին դեմ, բայց արդյունքում նա ստացավ իշխանությունը, չէ՞: Եղբայր, հայերն իրենց վրա խա՞չ քաշեցին, ի՞նչ էր դա, բայց նրանք իսկական եղբայրներ են… ահա թե որն է ցավը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին