1895-96թթ. Թուրքիայում համիդյան կոտորածների ժամանակ Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Նելիդովը հորդորել է մարդասպան սուլթանին՝ «Կոտորեցեք, Ձերդ Գերազանցություն, կոտորեցեք» (Լեո, «Անցյալից»): Չնայած նույն անձի վերաբերյալ առկա է նաև հակառակ տեղեկատվությունը, որ կազմակերպել է սուլթանին զսպելու և աղետյալներին օգնություն հասցնելու ակցիաներ, սական հաջողություն չի ունեցել: Բազմաթիվ են հիշատակումները, երբ առաջին համաշխարհայինի ժամանակ սահմանն անցնող կամավորների և կամ անզեն մարդկային զանգվածների վրա կրակել են ռուսական կողմից: 1896թ. ցար Նիկոլայ 2-րդի հրամանով Անդրկովկասի նահանգապետ նշանակված Գրիգորի Գոլիցինը փորձում էր ուրույն ձևով լուծել «Հայկական հարց»-ը՝ ձգտելով տարածաշրջանի՝ հայերով բնակեցբած բնակավայրը մաքրել հայերից: Դա նրան չհաջողվեց, սակայն հայերի նկատմամբ այլազգիների մեջ ատելություն սերմանելու, հայկական դպրոցներ փակելու և եկեղեցապատկան հողեր գրավելու առումով նա ավելի քան առաջադիմեց՝ գոնե ժամանակավորապես: Բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի համագործակցության «շնորհիվ» հայերի կոտորածները շարունակվեցին արդեն Ռուսաստանի՝ հայերով բնակեցված բնակավայրերում, այդ թվում՝ Ղարաբաղում և Բաքվում՝ ձգտելով ավարտին հասցնել «Հայաստանն առանց հայերի» նշանաբանը: Այսօր արդեն կապիտալիստական Ռուսաստանը ռազմավարական գործընկեր Հայաստանի թիվ մեկ թշնամուն՝ Ադրբեջանին հայտարարում է գործընկեր և վաճառում նրան հարձակողական զինատեսակներ: Միաժամանակ ՀՀ նախագահին պարտադրում է նվաստացուցիչ ձևով խնդրել Հայաստանը Եվրասիական միություն մտցնելու հրապարակային խնդրանք ներկայացնել: Բայց ասվածը չի նշանակում, թե մենք հենց այսօր պետք է թշնամի հռչակենք Ռուսաստանը՝ դրանից բխող բոլոր բացասական և նույնիսկ աղետալի հետևանքներով: Դա ընդամենը նշանակում է, որ մենք պետք է ձերբազատվենք «օրհնյալ լինի էն սհաթը» ասույթի տրամաբանությունից: Երբ դրան հասնենք՝ կարող ենք նաև համագործակցել նույն այդ երկրի հետ՝ հիշենք մեզ այդքան օգտակար համագործակցության պահերը Ելցինի օրոք: Ընդամենը պետք է հիշենք՝ ինչպես յուրաքանչյուր ընտանիք, այնպես էլ ժողովուրդ պետք է իր հույսը առաջին և վերջին հերթին դնի միմիայն իր վրա՝ կարողանալով օգտվել այլոց հետ իր համագործակցությունից: Կընկալենք այս պարզ իրողությունը՝ կվերածվենք ժամանակակից աշխարհում արժանի հանրության, չենք գիտակցի՝ անընդհատ մաքառելու ենք հանուն գոյատևման: Հ.Գ. «նվիրվում» է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը սահմանադրական համարելու՝ ՀՀ ՍԴ որոշմանը
Վախթանգ Սիրադեղյան
Մենք պետք է ձերբազատվենք «օրհնյալ լինի էն սհաթը» ասույթի տրամաբանությունի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet