Դու դեռ նոր էիր ծնվել, արդեն ծնողներդ քո ապագայի հետ կապված մեծ պլաններ էին մշակել, դու պարտադիր պիտի մեծ մարդ դառնայիր ու վերջ: Երբ սկսեցիր առաջին քայլերդ, նրանք գտան, որ քո քայլերը սովորական չեն, բացառիկ են, սկսեցին նկարել ու բոլորին ցույց տալ ոգևորված:
Մանկապարտեզում թղթի վրա ուղղակի խզբզեցիր, ու ծնողներդ քո մեջ բացառիկ նկարչի տաղանդ տեսան: Դպրոցում վատ չէիր սովորում, բայց քեզանից լավ սովորողներ էլ կային, բայց միևնույն է ծնողներդ որոշել էին, որ բացառիկ ընդունակություններ ունես, նրանք ծնողական ժողովին համոզում էին բոլորին՝ ուսուցչից սկսած, որ դու եզակի ես, բայց ոչ մեկ այդպես էլ չընդունեց այդ փաստը բացի քեզանից, միայն դու հավատացիր դրան:
Սկսեցիր դպրոցում վատ սովորել,թող լավ սովորի էն հասարակ Արամը, չէ որ դու բացառիկ ես: Դու հերթերում հերթ չէիր պահում, փորձում էիր կողքից ճողոպրել, դե բացառիկ էիր,իսկ մյուսները սովորական:Բայց պարզվում է քո պես բացառիկներ շատ շատ կան երկրում, դրա համար մեր հերթերն այդպես էլ երկար չեղան, մնացին կլոր, լավագույն դեպքում օվալաձև:
Լիլիթի ծնողները գտնում էին, որ նա բացառիկ երգչուհի պիտի դառնա, ի՞նչ կարևոր է, որ ուրիշներն ասում են ոչ ձայն ունի, ոչ տաղանդ,իսկ ո՞ւմ է պետք գեղեցիկ ձայն ունեցող անվճարունակ հասարակ Սոնան:Ու բացառիկ Լիլիթին հանեցին եթեր՝ սղոցելու մեր նյարդային համակարգը: Դիանան գտավ, որ բացառիկ, անփոխարինելի սցենարիստ է ու բռնաբարեց եթերը: Չինովնիկները գտան,որ պիտի պետական պաշտոն զբաղեցնեն միայն իրենց բացառիկ երեխաները, էական չի կրթություն ունեն, համապատասխանում են թե ոչ: Ու բացառիկները սկսեցին փչացնել այս բացառիկ երկրում ամեն ինչ:
Միայն բանակում ոչ մեկ չկարողացավ իրեն համարել բացառիկ, նա դարձավ սովորական շարքային, սերժանտ կամ սպա՝ ընկերոջն օգնող ու թիմի մի մասնիկ: Մի խոսքով մեր բացառիկ երկիրը բացառիկների ձեռքով բացառիկ աղետի առաջ է կանգնել,որին կարող է փրկել միայն հասարակը, որը հիմա մեր բացառիկ երկրում իրոք բացառիկ երևույթ է դարձել: Գտեք նրան: