▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին

«Չդիտարկեց այն վիճակը, երբ մի պատգամավոր այլ կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսակցություն ստեղծելու համար: Սա անընդունելի է, սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, Լուսաավոր Հայաստանին տրված ձայներին»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը՝ մեկնաբանելով իրենց կուսակցության 18-րդ մանդատի վերականգնումը մերժելու մասին ԿԸՀ որոշումը:

Ըստ Խաժակյանի՝ այս իշխանությանը հաճո է, որ լինի 88+1 պատգամավոր.

«Սա հետագայում բերելու է խնդիրների, երբ ընդդիմության 1/3-ը գոյություն չի ունենա և հնարավորություն չի լինի այդ լիազորությունը իրացնել։ Չեմ բացառում, որ առաջիկայում գործընթացներ լինեն, որոնք էլ ավելի կխորացնեն այդ ճգնաժամը։ Այս իշխանությանը հաճո է, որ լինի 88+1 պատգամավոր։ Չի կարող մարդը, որը որպես ընդդիմադիր ընտրվել է, գնալ և իշխանությանը հաճո գործողություններ իրականացնել»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանը շեշտեց, որ Բաբաջանյանը ամենաքիչ թվով՝ շուրջ 300 ձայն ստացած պատգամավորն է:

«Եթե գոնե մեծամասնական ընտրակարգով բավարար քվեներ ստացած լիներ, կասեր որ նա որոշակի էլեկտորալ արժեք ունի, բայց դա էլ չկա»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն կարող էր գնալ երկու ճանապարհով՝ կամ հավելյալ մանդատ տրամադրեր կամ Բաբաջանյանին այս կամ այն կերպ պարտավորեցներ մանդատ վայր դնել:

Թե ինչու են ամիսներ առաջ խմբակցությունից դուրս եկած Բաբաջանյանի մասին նոր հիշել՝ Խաժակյանը ասաց, որ երբ նա դուրս է եկել խմբակցությունից, առաջարկել են մանդատը վայր դնել, սակայն Բաբաջանյանն ասել է, որ կմտածի:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը, սակայն ԿԸՀ-ն այսօրվա նիստում մերժել էր ԼՀԿ դիմումը։ Արման Բաբաջանյանը խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր 2019 թվականի սեպտեմբերի 6-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին