▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, իսկ սրտում՝ բժշկի առաքելությունը. մերօրյա հերոս Նարեկ Մելիքյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Մերօրյա հերոսները». Նարեկ Մելիքյան

Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, իսկ սրտում՝ բժշկի առաքելությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկի բուժծառայության պետ Նարեկ Մելիքյանն անմահացավ մարտի դաշտում. հասցրեց փրկել շատերին:

Ադրբեջանաթուրքական ագրեսիան, որն արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ին վերածվեց լայնածավալ պատերազմի, բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ: Պատերազմի սաստկությունը բուժծառայողների համար երբեմն անհնարին էր դարձնում առաջնագծից վիրավորների դուրսբերումն ու բուժօգնության տրամադրումը. մեր ռազմական բժիշկներն անհնարինը դարձնում էին հնարավոր: Մարտի դաշտում հայրենիքի համար զինվորը կռվում էր թշնամու, ռազմական բժիշկը՝ մահվան դեմ՝ հանուն այն կյանքերի փրկության, որոնք պաշտպանում են հայրենի հողը:

Ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանն անմահացավ Ջրականում (Ջաբրայիլ): Նա հավերժ կմնա առաջնագծի ամենաթեժ հատվածներում վիրավորված և իր կյանքի գնով փրկված մարտիկների հիշողության մեջ:

Ավագ եղբոր՝ Մինաս Մելիքյանի խոսքով՝ Նարեկը իրենց պապի հարուստ գրադարանի ամենապարտաճանաչ ընթերցողն էր: Նա փոքր հասակից սիրել է գիրքը և հոգացել պապու գրադարանի մասին: «Պապուն խոստացել էր, որ բժիշկ է դառնալու: Խոստումը կատարեց...»,- հիշում է Մինաս Մելիքյանն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ բարձր միավորներով ընդունված Նարեկը նույնկերպ շարունակել է ուսումը՝ օրինակելի վարքի և գերազանց առաջադիմությամբ սովորելու համար արժանացել շնորհակալագրերի:

Ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո Նարեկ Մելիքյանը նախընտրում է մասնագիտական ծառայությունն անցնել առաջնագծի՝ Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկում: Ռազմական բժիշկը նպատակ ուներ ծառայությունից հետո վերադառնալ և շարունակել կրթությունն օրդինատուրայում:

Մինաս Մելիքյանի խոսքով՝ Նարեկը ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրել է գիտակցելով, որ պետք է մասնագիտական առաքելությունը կատարի բարդ իրավիճակներում, հաճախ՝ ոչ բարենպաստ պայմաններում. «Սիրում էր դժվարությունները, դրանք հաղթահարում էր ժպիտով...»,- ընդգծում է ավագ եղբայրն՝ ավելացնելով՝ հայրենքի համար զոհված հերոսները կապրեն այնքան, որքան սերունդները կհիշեն նրանց:
Նարեկ Մելիքյանն անմահացավ՝ տալով իր կյանքը՝ կյանքի համար, կյանքը՝ կյանքի գնով»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին