▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն որդիս չէ, որ գերի է, այլ` մեր ողջ ընտանիքը. Հակոբ Ինջիղուլյանի մայրը՝ նախագահին

Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մայրը դիմում-խնդրանք է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև.

 

 

                                                                 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

                                                                                                                       Ոսկեվազ գյուղի բնակչուհի՝

                                                                                                                      Գայանե Ինջիղուլյանից

                                        Դիմում-խնդրանք

Հարգարժան պարոն Նախագահ, Ձեզ դիմում է ձեր երկրի քաղաքացի, մի հայ մայր, հայ կին, ով ճակատագրի բերումով  հայտնվել է  անելանելի  և  սոսկալի  իրավիճակում:

Որդիս՝ Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, ով ժամկետային զինծառայող է, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին և մինչ օրս գտնվում է գերության մեջ:

Միայն որդիս չէ, որ գերի է, այլ` մեր ողջ ընտանիքը, մեր հոգու անդորրը, վաղվա օրվա նկատմամբ մեր հավատը:

Թերևս կարիք չկա նկարագրելու բոլորիս, բայց հատկապես իմ՝ Հակոբի մոր, հոգի ծվատող ապրումների ողջ ահավորությունը:

Նշեմ, որ որդիս առողջական խնդիրներ ունի և նման պայմաններում այդ խնդիրներն ավելի կծանրանան:

Դուք էլ եք ծնող և պատկերացնում եք՝ գերության մեջ գտնվող երեխայի համար ծնողի սիրտը ոնց կցավի:

Գիտեմ, որ առանց այդ էլ և’ Պաշտպանության նախարարությունը, և’ ողջ պետությունը, ցանկություն ունեն անելու առավելագույնը:

Բայց ես էլ մայր եմ, ում զավակը գտնվում է մահվան ու կյանքի սահմանագծին, ով տեղյակ է  հակառակորդի  վայրագ վարվելաոճին և ում համար սպասումը դարձել է դժոխային տանջանք:

Ես պատրաստ եմ սեփական կյանքով փրկագնել որդուս, ցավոք` անհնար է:

Հակոբի 80-ամյա տատիկի, մեր ընտանիքի բոլոր անդամների  և անձամբ իմ անունից թախանձագին խնդրում եմ`  Ձեր բարձր հովանու տակ  վերցնել այս  խնդրի լուծումը:

Հակոբը միայն իմ որդին չէ, այլ`  հոժար  կամքով  հայկական բանակը համալրած զինվոր, ով իր կյանքը վստահել է պետությանը:

Վստահ գիտեմ, որ գերեվարված զինվորի մոր արյուն-արցունքը անտարբեր չի թողնի ձեզ:

Երկնքում Աստծուն ենք ապավինում, երկրի վրա` Ձեզ: Ավելի հեղինակավոր մեկին չենք ճանաչում:

Հնարավորության դեպքում՝ Ադրբեջանի նախագահի հետ ձեր առաջիկա հանդիպման ժամանակ  խնդրում ենք  արծարծել նաև այս հարցը:

Ձեր կենսագրության փառահեղ էջերին ծանոթ ենք, գիտենք, որ նախագահ լինելուց առաջ՝ առաջին հերթին  ձեր ազգի նվիրյալ զինվորն եք եղել, ուստի` ավելի լավ կպատկերացնեք իրավիճակի ողջ սարսափը:

Գերության մեջ է ձեր քաղաքացին, ձեր բանակի զինվորը, ձեր հայրենակիցը, ով կյանքի 22-րդ գարունը նոր է բոլորել, մի մատղաշ կյանք, որ այսօր ամենաշատը կարիք ունի օգնության:

Գրիչս մայրական վիրավոր սրտի արյուն-արցունքի մեջ եմ թաթախել, մեր վշտի մեջ մեզ միայնակ մի’ թողեք:

Աստված զորավիգ լինի Ձեզ:

Ակնկալում ենք Ձեր օգնությունը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին