Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին երեկոյան ձերբակալվել են Գորիսում, այժմ նրանք ՔԿ-ում են, հայտնում է ռադիոկայանը: Աղբյուրի տեղեկություններով՝ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։ «Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել է Սյունիք` սահմանամերձ շրջաններում կյանքի մասին իր հեղինակային «Մենք» նախագծի շրջանակներում ռադիոնյութեր պատրաստելու համար: Նրա ծրագրերն աչքի էին ընկնում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրականության սուր դատողություններով և քննադատական գնահատականներով։ Նա հայտնի է նաև որպես կինոռեժիսոր և դերասան»,- գրում է աղբյուրը։
Միկա Բադալյանին արդեն ձերբակալել էին «Երևանում և նրա սահմաններից դուրս նախապատրաստվող ահաբեկչությունների» մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար, սակայն նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ավելի վաղ այն մասին, որ Միկա Բադալյանը կապի դուրս չի գալիս, գրել էր լրագրող Նաիրի Հոխիկյանը:
Թարմացված․ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ մտահոգված է բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությամբ և քայլեր կձեռնարկեն՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։
«Դեսպանատունը տեղյակ է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ. Բադալյանի, «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին։ Տվյալ լրատվական գործակալության հետ գտնվում է կապի մեջ։ Ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։
Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, կձեռնարկենք քայլեր՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։
|