▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 200 միլիարդ ազատ փող կա, դա մեր ժողովրդի փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին. Էդմոն Մարուքյան

«Մենք ի՞նչ ենք առաջարկում. մենք ասում ենք Հայաստանում կա 650 հազար ընտանիք, 650 հազար ընտանիքի պարագայում պետք է Կառավարությունը, ՀՀ վարչապետն ասի՝ ո՞ւմ չի ուզում տալ: Ոչ թե ում է ուզում տալ, այլ ում չի ուզում տալ: Ասի՝ չեմ տա փող պետական աշխատողներին՝ մեզ, որովհետեւ մենք աշխատավարձը ստանում ենք, չեմ տա հանրային ծառայությունների ոլորտին: Շուրջ 150 հազար ընտանիք դուրս է գալիս: Մնացած բոլորին մենք առաջարկել ենք տալ 100 հազար դրամ միանվագ օգնություն եւ ՀՀ-ում ապրող 470 հազար թոշակառուներին տալ մեկ ամսվա հավելյալ թոշակ: Էս ամբողջ աջակցության գումարը չի կազմում անգամ 100 միլիարդ դրամ: 100 միլիարդ դրամ պետք է անպայման ծախսվի, չծախսելու պարագայում մենք ունենալու ենք խորը, ծանր, ծայրահեղ սոցիալական վիճակ, որն արդեն ունենք».

ԱԺ նիստերի դահլիճից նեղացած դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Լուսավոր հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նիստերի դահլիճում վերջինիս վրդովմունքի պատճառը Կառավարության կողմից ներկայացված բյուջեի փոփոխությունների նախագիծն էր: Մարուքյանը ֆինանսների նախարարից պահանջեց բացահայտել ամբողջ ճշմարտությունը, բացահայտ ասել, որ ներկայացված նախագծով կառավարությունը փորձում է խորհրդարանին զրկել բյուջեի հետագա փոփոխությունները քննարկելու ու թույլատրելու իրավունքից:

Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ նման սահմանափակում կիրառվելու է միայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ժամանակահատվածի համար: Սա չբավարարեց Մարուքյանին:

Լրագրողների հետ զրույցում պարզաբանելով բյուջեի խնայողությունները բնակչությանը բաժանելու իր առաջարկը՝ Մարուքյանն ասաց.

«Մեր առաջարկը կլիներ պոպուլիզմ, եթե գումարը չլիներ, օդից ասեինք առաջարկեք: Ֆինանսների նախարարը կանգնած այստեղ  ապատեղեկատվություն է ասում, երբ ասում է գումար չկա»:

Ըստ պատգամավորի՝ ինքն առաջարկում է ծախսել կապիտալ շինարարության համար նախատեսված, սակայն չծախսված գումարը:

«Մոտ 200 միլիարդ ազատ փող կա: Դա մեր ժողովրդի փողն է, ՀՀ քաղաքացու փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին, դրա վրա նստած ասում ա՝ փող չկա ժողովուրդ ջան: Հիմա մենք ասում ենք՝ փող կա, դա պետք է սրսկել տնտեսության մեջ, տալ մարդկանց, որ մարդիկ դուրս գան, ծախսեն, կոմունալները վճարեն, հարկերի թերհավաքագրումը նվազի»,- նկատեց Մարուքյանը:

Անրադառնալով մեկնաբանություններին, թե եթե դա բաժանեն՝ ինչո՞վ բանակ պահեն, աշխատավարձեր տան՝ Մարուքյանը պատասխանեց.

«Բանակն էլ պետք է պահեն, պետությունն էլ պետք է պահեն, քաղաքացիներին էլ աջակցեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին