«Ի տարբերություն մնացած օրերի` այսօրվա ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելի է եղել», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանն ու, թե ինչ ակնկալիքներ ունի նրա նշանակումից՝ Մովսես Հակոբյանը նշեց «ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, և այնտեղի նշանակված որևէ մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ-ի ծրագրերի մեջ»։
Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև լրագրողների դիտարկմանը, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի գումարները չեն ծառայել իրենց նպատակին, իսկ փոխարենը հարստացել են գեներալները:
«Ձեր գնահատականը չեմ կիսում, դա ձեր գնահատականն է: Զինված ուժերի գնահատականը տալիս է գերագույն գլխավոր հրամանատարը և ինքն իր գնահատականը տվել է: Ես տվյալ հարցերով չեմ զբաղվում և հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել և որտեղից, այդպիսի հարցերով չեմ զբաղվում։ Ինձ ավելի կարևոր հարցեր են հետաքրքրում, ես նայում եմ առաջին գծին և զորքին»: