▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, դիմել են ՀԾԿՀ՝ գործարքի թույլտվության համար

Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ գործընթացները վերջնականացման փուլում են։ Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։

ՍիվիլՆեթ-ն է գրում ու նշում, որ միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել է իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվեց հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։

Մենք ավելի վաղ անդրադարձել էինք «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին՝ ներկայացնելով, թե ովքեր են հեռահաղորդակցության օպերատորի հնարավոր գնորդները։ Այդ ցանկում էին մեկ այլ օպերատոր «Թիմ տելեկոմ»-ի սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները, ինչպես նաև «Հայբիզնեսբանկ»-ի օտարերկրացի սեփականատերերը։ «ՄՏՍ-Հայաստան»-ը գնելու հեռանկարով հետաքրքրված էր նաև ընկերության նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ընկերության սեփականատեր դառնալու վերջինիս փորձերը, սակայն, ձախողվել են, քանի որ օրերս Յիրիկյանը դարձավ մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի գլխավոր տնօրենը։

«Վիվա-ՄՏՍ»-ը հայկական հեռահաղորդակցության շուկա մուտք գործեց 2005-ին։ Այդ պահից մինչ այժմ ընկերությունը Հայաստանի պետբյուջե վճարել է 258 մլրդ դրամի հարկեր։ Աշխատակիցների թիվը ավելի քան 1200 է։

«Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թիվը Հայաստանում գերազանցում է 2 միլիոնը և այն ունի ամենամեծ բաժանորդային բազան Հայաստանում։ Բջջային հեռախոսակապի շուկայում «Վիվա-ՄՏՍ»-ը առաջինն է, «Յուքոմ»-ի ու «Թիմ տելեկոմ»-ի հեռախոսակապի բաժանորդների ընդհանուր թիվը էականորեն զիջում է «Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թվին։ Այժմ ընկերության հիմնական բաժնետերը ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին