▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նալբանդյանը չի՞ հավատում Սերժ Սարգսյանի քաղաքականությանը. «Ժողովուրդ»

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից հերթականը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի հանդիպման մանրամասները: Այն կայացել է 2008թ. հուլիսին, որի նպատակն է եղել ճշգրտումներ մտցնել Նալբանդյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի առնչությամբ: Քննարկման մասշտաբները բավականին լայն են եղել, թեպետ, ինչպես Փենինգտոնն է նկատում՝ Նալբանդյանը բավականին ժլատ է եղել իրական քաղաքական գնահատականների ու առաջարկների հարցում: Հանդիպման շրջանակներում Նալբանդյանը քննարկել է հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Բավականին հետաքրքիր է նաեւ Փենինգտոնի ամփոփիչ մեկնաբանությունը Էդվարդ Նալբանդյանի պահվածքի ու գործունեության շուրջ:

 

Այսպես՝ հեղինակը հստակեցնում է, որ 2008թ. հուլիսի 10-ի հանդիպումը գլխավորապես միտված է եղել Վաշինգտոնում դրանից մի քանի օր անց ԱՄՆ (այժմ՝ նախկին, հեղ.) պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ Նալբանդյանի ունենալիք քննարկումներին: Դիվանագետը, արտահայտելով իր տպավորությունները, նկատում է, որ Նալբանդյանն իր հետ ներքին քաղաքականության մասին մանրամասնորեն խոսելու հարցում խուսափողական կեցվածք է որդեգրել՝ «դասական սովետական ձեւերով»: Փենինգտոնը հավելում է, որ ՀՀ ԱԳ նախարարը զարմանալիորեն զուսպ է եղել նույնիսկ Թուրքիայի ու ԼՂ հիմնահարցերի կապակցությամբ, որոնց շուրջ «Հայաստանը թվում է համեմատաբար ավելի կառուցողական տվյալ պահին»: Հեղինակը հայտնում է նաեւ, որ Նալբանդյանը, չնայած անվարժությանը, իր հետ խոսել է անգլերենով, ինչը բարդույթի տպավորություն է ստեղծել, քանզի նախկինում ամերիկացիները ԱԳ նախարարի հետ «ավելի լավ» հանդիպումներ են ունեցել հայերենով կամ ռուսերենով:

Փենինգտոնը գովաբանել է Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին արված հրավերը եւ գնահատել նրա «կառուցողական մոտեցումը» ԼՂ բանակցություններին: Նալբանդյանը մեկնաբանել է, որ Հայաստանը պատրաստ է «թերթել էջը» եւ կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները: Նա պնդել է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ճնշումներ բանեցնի Թուրքիայի վրա այս հարցում: Արտահայտելով իր դժգոհությունը թուրքական կողմից սարգսյանական հրավերին դրական արձագանքելու հապաղումների առիթով՝ Է. Նալբանդյանն ասել է, որ չի պատկերացնում, թե Թուրքիան ինչպես կարող է դրական չարձագանքել հրավերին:

Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էր Թուրքիան հրաժարվել նման պայմաններում Հայաստան այցելելու հրավերից: Բավական է հիշել, որ Սերժ Սարգսյանը Թուրքիային հրավիրեց Մոսկվայից, ինչը միջազգային շրջանակներում ու հատկապես պաշտոնական Անկարայի համար հստակ ազդակ հանդիսացավ գործընթացի երաշխավորության առումով: Ավելին՝ Սարգսյանը թույլ տվեց պատմական  կոպտագույն սխալ՝ ընկնելով Ցեղասպանության լինել-չլինելու քննարկումների թուրքական ծուղակը: Եթե այս ամենին գումարենք հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը դեռ նախագահ դառնալուց առաջ էր խոստանում այդ չարաբաստիկ հանձնաժողովը բացել, ինչի մասին անկասկած տեղյակ էին թուրքական շրջանակները, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում: Թուրքերը հասկացել էին, որ Սարգսյանին արտաքին ուժային կենտրոններից աջակցում էր տարածաշրջանում ամենակարեւորը՝ Մոսկվան, իսկ ներքաղաքական լեգիտիմությունը ծածկելու մարմաջը Սարգսյանին կստիպի ամենատարբեր զիջումների գնալ, որի ազդակը վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման պատրաստակամությունն էր: Նման դեպքում Թուրքիան էլ իր դիրքերը մեծապես զարգացրեց՝ պատմական հանձնաժողովը դարձնելով հետագայի բանակցություններում հայկական կողմի գլխացավանքը: Եվ, ահա, նման իրավիճակում Թուրքիան կարծեց, թե կկարողանա ԼՂ խնդիրն էլ գոնե մասամբ լուծել, այսինքն՝ ազատագրված տարածքներից մեկ-երկուսը վերցնել, ինչը, ըստ էության, տեղի չունեցավ ոչ այնքան Սերժ Սարգսյանի դիմադրողականության, որքան Մոսկվայի անհամաձայնության պատճառով:

Ի դեպ, անցնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Նալբանդյանը պնդել է, որ այն Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: ՀՀ ԱԳ նախարարը բողոքել է ադրբեջանցիների պահվածքից, որ շարունակ ձգձգել են հանդիպումները: Նա արտահայտել է նաեւ Սերժ Սարգսյանի դժգոհությունը ադրբեջանական իշխանությունների կեցվածքից՝ կապված բանակցային գործընթացի ու մադրիդյան սկզբունքների շուրջ նրանց անորոշ մոտեցումների հետ: Հետաքրքիր է՝ ի՞նչ էր կարծում Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ աշխարհաքաղաքական նմանօրինակ խաղի մեջ ներքաշվելով թուրքերի հետ ու նրանցից անկեղծություն ակնկալելով: Մի՞թե պարզ չէր, որ Ալիեւը սպասում էր հայ-թուրքական գործընթացի զարգացմանը՝ այն սեփական շահերին  ծառայեցնելու համար: Ըստ այդմ, այնպիսի զգացողություն է առաջանում, որ կա՛մ Հայաստանի իշխանություններն այս պրոցեսի մեջ մտել էին առանց որեւիցե նախապատրաստվածության, կա՛մ էլ սահմանափակվել էին ինչ-ինչ կենտրոն(ներ)ի հրահանգներով առաջնորդվելով:

Ամփոփելով Նալբանդյանից ստացված իր տպավորությունները՝ դիվանագետը հայտնում է, որ հանդիպման ամենաարտառոց կողմը եղել է Նալբանդյանի ժլատությունն այն հարցերում, որտեղ Հայաստանը պետք է որ լավ դիրքերում լիներ: Այս հարցում հեղինակը ընդգծում է Թուրքիայի խնդիրը, որտեղ Նալբանդյանը պետք է որ օգուտներ քաղեր Սարգսյանի գործողությունների համար: Ըստ նրա՝ ՀՀ ԱԳ նախարարը դրա փոխարեն անտարբեր ու թերահավատ կեցվածք է որդեգրել իր իսկ ղեկավարի մարտավարության նկատմամբ: Հեղինակը հակված է կարծելու, որ ԱՄՆ համար հետաքրքրություն ներկայացնող հարցերում Նալբանդյանը պաշտպանողական ու հոռետես վերաբերմունք ունի անհայտ պատճառներով:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին