▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավասարդ Կճոյանն՝ իր դեմ չկայացած ստորագրահավաքի, տեղափոխված քահանայի և նախատրամադրված լրագրողների մասին

Երբ պարզ դարձավ, որ Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի դեմ ուղղված ստորագրահավաքը շինծու է, Asekose.am-ը նրա հետ հարցազրույց խնդրեց: Արարատյան թեմից հայտնեցին, որ կհայտնեն սրբազան հորը և մեզ տեղյակ կպահեն: Այնուհետև մեզ զանգահարեցին և ասացին, որ սրբազանը համաձայնվել է հարցազրույց տալ՝ «հաշվի առնելով այն, որ նախորդ անգամ մեր թղթակիցը հարցերը կոռեկտ և էթիկայի սահմաններում էր ձևակերպել»: Նավասարդ Կճոյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ երեկոյան:

 

- Սրբազան, նախօրեին պարզվեց, որ Ձեր դեմ ստորագրահավաքին հրավիրող մարդիկ և կազմակերպությունը գոյություն չունեն, այդ ամենը խաբկանք էր: Ձեզ չզարմացրե՞ց այս փաստը:

- Աղջիկս, անկեղծ ասած՝ վերջին օրերին կատարվածն ինձ ընդհանրապես չի զարմացնում: Ավելին՝ ես համարում եմ այդ սադրանքը որոշ առումով նաև օրինաչափ՝ հաշվի առնելով այն, որ վերջին երկու տարում իմ շուրջ դավեր նյութելն ու տրամագծորեն հակառակ հատկանիշներով ինձ ներկայացնելը մի խումբ մարդկանց տարերքն է դարձել: Այս ամենում տուժում է միայն հասարակությունը, որին, ցավոք, շարունակում են պահել թյուրիմացության դաշտում: Այդ ստորագրահավաքն էլ նույն շարքից է, ինչ իմ դեմ նախկինում սանձազերծած այլ արշավները: Նպատակ է դրվում ամեն գնով մարդկանց մոլորության մեջ գցել և ներկայացնել ինձ իբրև ազգի խնդիրներից կտրված և, ոչ ավել ոչ պակաս, գողական աշխարհի ներկայացուցիչների հետ մտերմություն անող մեկը: Այս սին գաղափարը հանրությանը ներարկելու ընթացքում գործի է դրվում կեղծիքի, զրպարտության, անպարկեշտ որակումների, փաստերի աղավաղման և դեմագոգիայի մի ողջ զինանոց: Չզատելով թացը չորից՝ շատերը տրվում են սադրանքներին: Այ սա է ինձ համար ամենացավալին: Երազում եմ, որ մեր ժողովուրդն ավելի խոհեմ լինի:

- Փաստորեն, ըստ Ձեզ, այս ստորագրահավաքը, որն ավելի շատ միրաժ էր, նաև որոշակի առումով պետք է դա՞ս լինի:

- Կարծում եմ՝ մարդիկ վերջապես պետք է հասկանան, որ չի կարելի գործիք լինել մի քանի շահառուների ձեռքում: Իրենց պարզապես օգտագործում են: Հասարակությունը պետք է գիտակցի, որ իմ շուրջ լարվածությունը ստեղծվում է արհեստականորեն: Այսպես կոչված «ստորագրահավաքը» ասածիս վառ ապացույցն է: Ի՞նչ պարզվեց արդյունքում․ ոմանք, հանուն իրենց նեղ անձնական շահերի, մարդկանց հերթական անգամ մոլորության մեջ են գցել: Ցավը նրանում է, որ մարդիկ թույլ են տվել իրենց մոլորեցնել: Չի կարելի մեղադրել դիմացինին՝ հիմնվելով միայն դեղին մամուլից ստացված տեղեկությունների վրա: Այս իրավիճակում հօդս է ցնդում ժողովրդավարական հասարակության գլխավոր արժեքներից մեկը՝ անաչառությունը: Իսկ առանց դրա խոսքի ազատությունն հիմնականում անիմաստ է, իսկ որոշ դեպքերում՝ նաև վնասակար:

- Սրբազան, բայց դուք, որպես կանոն, չեք պարզաբանում Ձեզ ուղղված մեղադրանքները, խուսափում եք լրագրողների հետ շփումներից: Եվ մարդիկ կարծում են, որ ասելիք չունեք, իսկ դա նշանակում է, որ այն, ինչ Ձեզ վերագրվում է, ճշմարիտ է:

- Եթե ինձ ուղղված հարցադրումների ոճը գոնե մոտ լիներ ձեր ոճին, ես հաճույքով կպատասխանեի բոլոր հարցերին: Սակայն լրագրողները, որպես կանոն, գալիս են նախատրամադրված, նրանց չեն հետաքրքրում պատասխանները, հարցերը կազմված են այնպես, կարծես մեղադրական եզրակացություն լինեն: Այդպիսի դեպքերում զուտ մարդկայնորեն պատասխանելու ցանկություն չես ունենում:

- Ինչպես կմեկնաբանեք Տ Հակոբ քահանա Խաչատրյանի ծառայության վայրի փոփոխությունը, որը համացանցում աղմուկի պատճառ դարձավ:

- Թեմի ներսում քահանաների ծառայության վայրի փոփոխումը ընդունված գործընթաց է, այստեղ արտառոց որևէ բան փնտրել պետք չէ: Իսկ մամուլում շահարկվող դրդապատճառները պարզապես զավեշտալի են:

 

Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին