▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահն ազգ.փոքրամասնություններին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարևորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցելու ազգային փոքրամասնություններին ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են: «Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ: 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նաև Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն եւ կարեւորել է բանկի ներդրումը հանրային եւ մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման գործում:

Հայաստանի նախագահն ու Բանկի պաշտոնյաները խոսել են գործընկերության առաջնահերթությունների, ընթացիկ ծրագրերի, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին