ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.
«Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ օպերատիվ կոմբինացիայի արդյունքում 2018թ-ի հուլիսի 28-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասից հայտնաբերվել եւ ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել նույն զորամասի նախկին ժամկետային զինծառայողներ, քաղաքացիներ Հ. Բ-ն՝ իր կողմից վարած «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով եւ վերջինիս ընկեր Հ.Գ-ն: Ռազմական ոստիկանությունում մեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել եւ Հ.Բ-ի կողմից ներկայացվել է ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում հաշվառված 1485892 համարի ԱԿ 74 տեսակի ինքնաձիգը, որը հափշտակվել էր դեռ 05.07.2018թ-ին:

Նշված գործողությունով կանխվեց հնարավոր կատարվելիք մի շարք ծանր հանցագործություններ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ եւ 238-րդ հոդվածի 1-ին մասի /զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը/ հատկանիշներով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հ.Բ.-ն ձերբակալվել է եւ տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁԱՊՎ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր հետևյալը. «ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀՊՆ Արարատի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ. և ինքնակամ հանձնել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք’ 80 հատ զինվորական ուսապարկ, 68 հատ զինվորական կաթսա և այլն»:


