Այսօր Ազգային ժողովում ներկայացվել է 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը. հիմնական զեկուցողներն են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը:
Այնուհետ, ընթացող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն վերջինս նիստերի դահլիճում չի եղել:
Փաշինյանը սրտնեղել է, թե ո՞ւր է վարչապետը. «Ըստ կանոնակարգ օրենքի մենք հարցեր կարող ենք տալ նաև վարչապետին, խնդրում եմ ապահովեք վարչապետին, վերադարձրե՛ք, հրավիրե՛ք, բերման ենթարկե՛ք, որպեսզի հարցեր տալու հնարավորություն ունենանք»,- նշել է նա:
Իսկ բյուջեի վերաբերյալ, ՀԱԿ անդամը նկատել է, որ չնայած Կառավարությունը որդեգրել է արտահանման խթանման ռազմավարություն, այդուհանդերձ, հաշվետու ժամանակաշրջանում արտահանումն ընդամենը 4,8% աճ է ունեցել, իսկ ներմուծումը 12,4%-ի աճ: