▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընդդե՞մ Լևոն Տեր-Պետրոսյանի

Քաղաքական դաշտի մեծագույն պարադոքսներից մեկը պիտի համարել վերջին շրջանում ակնհայտված Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունը, որն օրավուր նոր երանգներ է ստանում:

Պարադոքս կոչեցինք, որովհետև որևէ մեկին գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ինչպես լրագրողական, այնպես էլ քաղաքական ողջ կարիերան կապակցվում է Լևոն Տեր-Պետրոսյանին, հենց հիմնադիր նախագահը, ի հեճուկս Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարության, որը հեռացրել էր Փաշինյանին, ամեն ինչ արեց, որպեսզի երիտասարդ լրագրողը դառնա թերթի խմբագիր, առաջխաղացում արձանագրի ընդդիմադիր դաշտում, իսկ հետո էլ համարվի 2018-ի ՀՀ նախագահի ընտրությունների գլխավոր հավակնորդներից մեկը: Այս ամենը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ, որն էլ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների կենտրոնում պահեց Նիկոլին, նրա միջոցով կարողացավ ուղղորդել զանգվածներին:

Այսօր Տեր-Պետրոսյանը բառացիորեն չնկատելու է տալիս Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս էլ խորհրդարանում, նկատի ունենալով հենց Լևոն Տեր-Պետրոսյանին, հայտարարում է. «Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասեմ, որ անցյալ ուրբաթ օրը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները իմ ներկայացրած նախագծի կապակցությամբ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին, եւ ես ենթադրում եմ, որ ՀԱԿ –ՀՀԿ այդ միասնական դիրքորոշումը առաջացել է Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան խորհրդապահական շփման խողովակի միջոցով, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին բաց նամակում: Եվ ընդհանրապես, ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանին հանդիպման աղերսագրեր գրող քաղաքական ուժերը եւ գործիչները ինձ համար ընդամենը անցյալի գաղջ հիշողություն են եւ ես սրանից ավելի ասելու ոչինչ չունեմ,,: 
Սա արդեն բավական լուրջ մարտահրավեր է՝ նետված ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև ՀԱԿ-ին, որի ստեղծողներից և առաջնորդներից մեկն է Նիկոլ Փաշինյանը: Քննադատել այն մարդուն, որին տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը հոգևոր առաջնորդ է համարել, քննադատել այն քաղաքական ուժը, որի ստեղծողներից է, նշանակում է գտնվել պատերազմական վիճակում, որն, անպայմանորեն, իր ներքին, բայց ոչ հրապարակային բացատրություններն ունի: 

Ուրեմն, իրականում ինչու՞ է ձևավորվել այս հակամարտությունը և ինչ է ուզում կողմերից յուրաքանչյուրը: Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին կարելի է դիտարկել որպես քաղաքական կտակի նման մի բան, երբ հիմնադիր նախագահը Ցեղասպանության 100-ամյակի առթիվ իր մտքերն է հայտնում և խնդրում երրորդ նախագահից՝ ընդունել իրեն: Սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանն իրեն այլևս չի զգում ընդդիմության առաջնորդի դերում և դիմելով երրորդ նախագահին, ըստ էության, իր վերջին հրապարակային հայտարարություններից մեկն է անում: Հենց սա էլ այսօր բորբոքել է Նիկոլ Փաշինյանին, որն, անտարակուս, ընդդիմադիր դաշտում կամենում է սեփական հետագիծը հաստատել և առաջ ընթանալ միայն իրեն հայտնի և իր կողմից ընդունված մեթոդաբանությամբ:

Այդ մեթոդաբանությունը նոր չէ, մենք արդեն ունենք Արտաշես Գեղամյանի օրինակը, երբ մոլեգնորեն քննադատելով ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ առաջին նախագահին, նա, ըստ էության, չկարողացավ առաջաքայլ ապահովել: Նիկոլ Փաշինյանը նույն հարթակին չի տեղավորում Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին, սակայն մերժում է երկուսին էլ, Լևոն Տեր-Պետրոսյանին համարում ,,անցյալի գաղջ հիշողություն,,: Չընդունելով Նիկոլ Փաշինյանի ծայրահեղականությունը և զգացմունքներով և հրապարակախոսական կրքով ներկայացվող հայտարարությունների տոնայնությունը, այնուհանդերձ, պիտի նշենք, որ առայժմ ոչ շատ ցայտուն տեղի է ունենում քաղաքական դաշտի որակական շրջափոխություն, յուրատեսակ տրանսֆորմացիա, որը տակավին որոնումների մեջ է:


Իսկ որոնումները հաջողությամբ պսակելու համար ոչ թե պետք է հակամարտություններ ձևավորել, այլ ընթանալ նոր գաղափարների հայտածման ճանապարհով: հուսանք, որ հասունացող հակամարտությունն, այսուհանդերձ, կմարի, ի հայտ կգա նոր քաղաքական հայեցակարգը, որն էլ կտանի դեպի նոր ընդդիմության ձևավորման:
Իսկ նոր ընդդիմություն անհրաժեշտ է, որովհետև ընդդիմությունն էլ, ինչպես իշխանությունը, ծերացել է…


Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին