Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ֆրանսիահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը, անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում եւ մտածում է հայրենադարձության մասին։ «Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե Նիկոլն ասում է հայաստանյան բժշկությունը անզոր է իր հազի առաջ»,- գրել էր վարչապետը:
«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքը հիմնադրած և նույն հիվանդանոցի օնկոլոգիայի բաժանմունքում Հայաստան այցելելիս հիվանդներ ընդունող Գևորգ Աբգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյանի հազին` նշելով, որ այն մտահոգիչ է։
«Ես մեր հայ բժշկի հետ միասին գնացինք իրեն զննելու։ Տեսա, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկները լավ բաներ արդեն արել են, բայց պարոն Փաշինյանը շատ է սիրում խոսել, հետևաբար բուժում է պետք։ Իմ կարծիքն ասացի, բայց դրանով չբավարարվեցի ու գրեցի նաև Ֆրանսիայում աշխատող քիթ-կոկորդի աշխարհահռչակ մասնագետ, պրոֆեսոր Եղիա Կարապետյանին, ներկայացրեցի իմ նշանակած բուժումը։ Հիմա երկրորդ բուժումն ենք նշանակել։ Լուրջ բան չկա, բայց երբ նա խոսում է, հազում է, իսկ դա անհանգստացնում է մեզ»,- ասել է բժիշկ Աբգարյանը՝ հավելելով, որ Փաշինյանի մոտ պարզ լարինգիտ է, բայց ավելին չի կարող ասել, քանի որ դա բժշկական գաղտնիք է։
Մանրամասները` «Առաջին լրատվական»-ի տեսանյութում
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ միացումների ժամանակ շատ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ էին տալիս՝ ընդդեմ հազի, օրինակ՝ առաջարկելով դոշաբ խմել:
Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ օրեր առաջ հրապարակել էր քաղաքացիներից մեկից ստացված մի դիմումի լուսանկար, որտեղ հեղինակն իր օգնությունն է առաջարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը բուժելու համար: Ենթադրվում է, որ դիմումը ներկայացվել էր առողջապահության նախարարություն:
Կարդացեք նաև` Իմ հազի դեմ հայկական բժշկությունն անզոր է. Նիկոլ Փաշինյան