Հայաստանյան բուռն ներքաղաքական իրավիճակի մասին iravunk.com-ը զրուցել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու դպիր, աստվածաբան, ՌԴ-ում հայտնի բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Բեկնազարյանի հետ, որը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է:
Մեկ հատված հարցազրույցից, իսկ ամբողջությամբ այն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Պարոն Բեկնազարյան, Դուք և Նիկոլ Փաշինյանը եղել եք դասընկերներ: Ավարտել եք Իջևան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ի՞նչ բառերով կբնութագրեք ձեր դասընկերոջը:
Ես և Նիկոլ Փաշինյանը միասին ենք սովորել: Դպրոցական տարիներին նա այսպիսին չէր, հակառակը` հայրենասեր էր: Արցախյան շարժման ալիքի վրա մենք ընկերներ դարձանք: Կարծես թե հայրենասեր պատանիներ էինք: 1988-ին կազմակերպում էինք դասադուլներ, հավաքներ, երթեր: Ոգեշնչված էինք ազգային գաղափարներով: Անգամ մի քանի օր մեզ տնային կալանքի ենթարկեցին` չթողնելով հաճախել դպրոց: 1989-ին, երբ Իջևանում տեղի ունեցավ ՀՀՇ-ի հերթական ժողովներից մեկը, որին մասնակցում էին Վանո Սիրադեղյանը և էլի որոշ ՀՀՇ-ական դեմքեր, որոնք իրենց ուշադրությունը սևեռեցին երիտասարդ Նիկոլի վրա, որը հետագայում դարձավ նրանց ազգակործան և հակառուսական գաղափարների կրողը: Եթե մենք ուշադիր լինենք` Նիկոլն արեց այն, ինչ տարիներ առաջ առաջարկում էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Բլեյանը և էլի նրանց նման ինչ-ինչ ՀՀՇ-ականներ: Բոլորս գիտենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացեց պատանի Նիկոլի աչքերը և նրան վերցրեց իր ձեռքի տակ: Անգամ Նիկոլին Աննայի հետ ամուսնացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի կարողանա ավելի մեծ ազդեցություն ունենա նրա վրա: Ուսանողական տարիներին արդեն չէինք շփվում: Նրա գաղափարներն անտանելի էին… ՀՀՇ-ի կողմից պարտվողական քարոզներ էին պրոպագանդվում Նիկոլի թեթև ձեռքով, մի տարբերությամբ` համացանց չկար, կար Նիկոլի թերթը:


