ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով»:
Այստեղ սխալ է ամեն ինչ։
Նախ, նման բաներ ասում էր հաճախ նաև Ս.Սարգսյանը։ Մի քանի անգամ հակադարձեցինք՝ էլ չկրկնեց։
Երկրորդ։ Պարտավոր էր նշել. մայիս-սեպտեմբերը համեմատել է նախորդ նախորդ տարվա մայիս-սեպտեմբերին, նոախորդ դեկտեմբեր-ապրիլին թե լոկ ապրիլի հետ։ Չ՞է որ Սեզոնային գործոն կա։ Դա սխալ համեմատություն է։ Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում, ապա՝
Երրորդ։ Սկսենք ավանդներից։ Հաշվարկի 3 ձև կա՝ դրամով, դոլարով և/կամ եվրոյով։ Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդներ x տվյալ արժույթով ավանդի տոկոս x տնտեսական աճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսզի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ը ութամսյա տնտեսական աճն է (9-ամսյա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և/կամ եվրոյով։
Երրորդ, ակտիվները աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի % (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն)։ Այսինքն՝ մոտ 20%։
Չորրորդ, վարչապետի իրավասության մեջ ԿԲ-ն չի մտնում։ Ուրեմն թող ինքն էլ այդ թվերը հայտարարի։ ԿԲ-ից էլ թիվ պետք չէ վերցնել՝ դրանք միշտ ստում են։
Հինգերորդ։ Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Աաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ։ Իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա»։