▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կադրեր՝ «Ֆազ» մականունով քրեական հեղինակության սպանության վայրից

Ինչպես նախօրեին հայտնի էր դարձել, սպանվել է քրեական հեղինակություն «Ֆազը» (Սերգեյ Գրիգորյան):

Հիշեցնենք՝ Աջափնյակի Շինարարների 24 հասցեում երեկ կրակոցներ էին հնչել: Տարածքում հայտնաբերվել էր կրակոցներից վնասված Toyota Land Cruiser ամենագնաց: Կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա. նա Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է:

«Արմլուր»-ը ներկայացրել է, թե սկանդալային ինչ պատմության մեջ էր նախկինում հայտնվել Գրիգորյանը։
«2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել ու միջադեպի հերոսները կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանն էր՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ և Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։
Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: «Ֆազի» և «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամն» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։

Քրեական գործ էր հարուցվել, սակայն Ռուստամին չէին կալանավորել, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվել էր, ավելի ուշ՝ ազատ արձակվել։
Պարզվել էր, որ Գրիգորյանը եկել էր հարազատ եղբոր՝ Գրիգորի Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստին ներկա լինելու համար։ Դատական նիստը նշանակված էր եղել այդ ժամին, այդ իսկ պատճառով ներկա էր գտնվել դատարանի բակում»:

***

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11-ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43-ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։
Նույն օրը՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35-ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43-ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ:
«LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
Ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ միջոցառումներ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ոստիկանությանը տրվել են համապատասխան հանձնարարություններ։
Նախաքննության ընթացիկ արդյունքներից ելնելով՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին