Ապրիլի 24-ին Սալոնիկի Հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում 1915-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կատարված հոգեհանգստյան արարողությունից հետո` որին ներկա էին Մակեդոնիայի և Թրակիի նախարարը, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը եւ քաղաքի այլ պաշտոնյաներ, ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպությամբ մեկնարկեց բողոքի երթ դեպի թուրքական հյուպատոսարան. այս մասին Սալոնիկից գրում է ASEKOSE.am-ի ընթերցողներից Արաքսյա Գանապետյանը:
Մեծ թվով մասնակիցներով երթը քաղաքի կենտրոնական փողոցներով շարժվեց դեպի հյուպատոսարան, որտեղ, ոստիկանների շղթան ու ոստիկանական մեծ ավտոբուսներ փակել էին փողոցը՝ այսպիսով արգելելով ցուցարարներին մոտենալ հյուպատոսարանի շենքին: Հայ համայնքի երեք ներկայացուցիչների՝ ոստիկանության հետ բանակցություններ վարելուց հետո թույլատրվեց մոտենալ հյուպատոսարանին, որտեղ՝ անպատասխան դռան զանգեր հնչեցնելուց հետո՝ պատին փակցվեց թուրքական կառավարությանն ուղղված Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Երբ ներկայացուցիչները վերադարձան և հայտնեցին, որ զանգերը մնացին անպատասխան, երիտասարդները բացականչեցին, որ չնայած Թուրքիայի ժխտումներին, չեն լռելու, քանի տարի էլ որ անցնի և ոգևորված առաջ շարժվեցին՝ փորձելով ճեղքել շղթան, որի հետևանքով տեղի ունեցավ բախում՝ ոստիկանների և ցուցարարների միջև։ Այդ պահին ոստիկանները մի քանի անգամ արցունքաբեր գազ կիրառեցին, ամբոխին հետ մղելու համար: Բախումները շարունակվեցին բավականին երկար:
Երիտասարդների մի խումբ հանեց թուրքիայի դրոշը եւ, այրելու փոխարեն՝ նետեց ոստիկաններին՝ առաջարկելով պաշտպանել այն: Ապա հնչեցին Հայաստանի և Հունաստանի պետական հիմները և խաղաղությամբ հեռացան: