Նոր տարին հայտնի է կաղանդ, տարեմուտ, տարեգլուխ, ինչպես նաև տարեկանաց անուններով: 18-րդ դ. կաթողիկոս Սիմեոն Երևանցու հաստատած տոմարով հայերը Նոր տարին սկսեցին նշել հունվարի 1-ին: Նոր տարին նշանավորվել է բնակարանի, մարդու մարմնի ու հոգու մաքրմամբ, ծիսական ուտեստի պատրաստմամբ, բախտագուշակություններով, հաջողությունն ապահովելուն միտված և չարը կանխարգելու հմայական խոսքերով:
Նոր տարվա համահայկական սովորույթներից կարելի է առանձնացնել տոնական ուտեստի պատրաստությունը: Տոնի նախօրեին թխում էին թոնրի լավաշ, որին հաջորդում էր ավանդական «Տարի հացի» թխման արարողակարգը: Այս խմորեղենի երեսը զարդարել են երկնային լուսատուների, կենաց ծառի, հավերժանախշի պատկերներով: Խմորի մեջ հունցելիս արծաթե դրամ, մատանի կամ այլ նշան են դրել, որ տեսնեն, թե «Տարին ում գլուխը կգայ»: Տոնի նախօրեին տանտիրուհին, «հայր մեր»-ն ասելով, կտրում էր «Տարի հացը» ըստ ընտանիքի անդամների թվի, նույնիսկ բաժին էին հանում տան ընտանի կենդանիներին: Թխել են նաև զանազան ձևերի և մեծության ծիսական խմորեղեններ /շրջանաձև, կիսալուսնաձև, պայտաձև, մարդակերպ, թռչնակերպ և այլն/: Քրիսոնեական տարեմուտին տանտիրուհիները պատրաստել են պասուց ուտելիքներ՝ պասուց տոլմա, լոբի, հարիսա և այլն:
Մինչ տներում զբաղված էին տոնական պատրաստություններով, 10-12 տարեկան տղաները երգելով տնից տուն էին գնում և երդիկից դատարկ տոպրակ, գուլպա իջեցնելով՝ ավետում էին հին տարվա ավարտը և Նոր տարվա սկիզբը: Ծիսական երգերում բարեմաղթում էին. «Լիքը հորեր շատ ունենանք, կարմիր օրեր շատ ունենանք»: