yerkirmedia.am-ը գրում է. Երեւանում այսօր, Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերված եւ վնասազերծված խմբավորման վերաբերյալ մանրամասներ իրավապահներն առայժմ չեն հրապարակում։
Հրապարկվել է միայն Արթուր Վարդանյան անուն ազգանունը եւ նշվել, որ նրա հետ ձերբակալվել է եւս 9 մարդ, որոնց ինքնությունն առայժմ չի բացահայտվում։
Նշված հասեցում արված եւ համացանցում արդեն հրապարակված լուսանկարներից, սակայն, շատ բան կարծես պարզ է դառնում։ Լուսանկարներ են հրապարակվել խմբի վարձած բնակարանից, որոնցից մեկում երեւում են երկու առյուծներով նկարազարդված եռագույնի բազմաթիվ փոքր դրոշներ։
Այս զինանշանը նույնությամբ համապատասխանում է վերջին մեկ տարում իր շուրջը մեծ աղմուկ բարձրացարած «Հայոց Վահան» կազմակերպության խորհրդանշանին, որով էլ համացանցում հանդես է գալիս հիշյալ կազմակերպությունը։
Միաժամանակ, այն նաեւ «Հայոց Վահան» կազմակերպության ֆեյբուքյան էջի գլխավոր նկարն է, որտեղ բավականին շատ տեղեկություններ, այդ թվում՝ խմբի անդամների անուններ եւ լուսանկարներ կան հրապարակված, խմբի youtube-յան էջից հրապարակումներ, ինչը գաղտնի եւ զինված խմբավորման պարագայում, համաձայնեք, փոքր ինչ տարօրինակ է եւ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։
Ինչեւէ, հիշյալ կազմակերպության ղեկավարն Արթուր Վարդանյան անունով, 1981 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւանում ծնված եւ երեւանյան գրանցում ունեցող անձն է, որը պարբերաբար հանդես էր գալիս համացանցում իբրեւ Քեսաբի ազատագրմանը մասնակցած «Հայոց Վահան» գնդի հրամանատար։
Դեռ 2015 թվականի փետրվարի 1-ին «Հայոց Վահան» միավորումը youtube-ում տեղադրել էր տեսանյութ, որտեղ մի խումբ դիմակավորված եւ զինված անձանց ներկայությամբ Արթուր Վարդանյան անունով անձը հայտարարություն էր ընթերցում։ Մյուսների դեմքերը փակ են։ Կից գրության համաձայն, իբր այն նկարհանված է 2014-ին՝ Քեսաբում, թեեւ անցնող տարիներին Քեսաբի մեր աղբյուրները հերքում էին, որ ազատագրմանը նման խմբակ է մասնակցել։ Ի դեպ, այդ տեսանյութում եւս ներկաների ընդհանուր թիվը 10-ն է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում