▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը դեմ չեն եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն երբեք նման զիջումների չեն գնացել

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ առաջընթաց չկա, բայց հայկական կողմը փորձում է ինչ-որ քայլեր անել, ինչպես, օրինակ՝ հեռախոսազանգով շնորհավորել Թուրքիայի նախագահին, 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան վերջին հեռախոսազրույցին, որի ժամանակ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել էր Կուրբան Բայրամի առթիվ։ Դա, ըստ թուրքագետի, չափազանց արհեստական էր։

Ինչ վերաբերում է այդ հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրությանը, որում նշված էր, թե «առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքը՝ առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ», ապա դա թուրքագետը ծաղր է որակել։

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այնքան նախապայմանների տակ են, որ «առանց նախապայման հարաբերությունների հաստատում» ասելը պարզապես ծաղր է։ Դեռ 90-ականների բոլոր պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ Թուրքիայի համար Արարատ սարը հանելու հարցը միշտ եղել է, բայց նախկինում այդ հարցը չի բարձրացվել երբեք։ Երբևէ եղե՞լ է, որ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը քննադատի Հայաստանի իշխանության հայտարարությունը Ցեղասպանության վերաբերյալ։ Սփյուռքի հանդեպ ՀՀ գործող իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը նույնպես Թուրքիայի պահանջն ․ Էրդողանն ասում է՝ Հայաստանը գերի է Սփյուռքին, պետք է ձերբազատվել։ Թուրքիայի պահանջն է նաև ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված քայլերը։ Որպես նախապայման՝ տարբեր փաթեթավորումներով դրված է նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Այս բոլոր նախապայմաններից հետո հնարավո՞ր է խոսել ինքնիշխան պետության մասին։ Սա կապիտուլյացիա է»,- ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ թուրքագետի՝ Թուրքիան, որպես սիմվոլիկ քայլ, հիմա գուցե փորձի ակտիվացնել Անիի կամուրջի վերականգնման աշխատանքները, բայց դրա դիմաց ՀՀ գործող իշխանությունները զիջում են «Զանգեզուրի միջանցքը», Սահմանադրությունը, Արարատ սարի խորհրդանիշը, Սփյուռքը, Եկեղեցին, Ցեղասպանության ճանաչումը, մեր անցյալը…  

Ռուբեն Մելքոնյանը շեշտել է նաև՝ Հայաստանի ոչ մի իշխանություն նման բանի ունակ չի եղել։

«ՀՀ նախկին նախագահներից ոչ մեկը՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը դեմ չեն եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն երբեք նման զիջումների չեն գնացել:

Հայաստանի նախկին երեք նախագահներն էլ ուզել են Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատել, բայց ոչ մեկի ժամանակ չի եղել Հայաստանը «ծովից ծով» դարձնելու թեզը, այսինքն՝ իրատեսական են եղել հարաբերությունների հաստատման հիմքերը: Միևնույն ժամանակ՝ մենք Թուրքիայի հետ բանակցություններում թույլ չենք տվել քննարկել անգամ Արարատ սարի հարցը, թույլ չենք տվել, որ միջամտեն Սփյուռքի հետ մեր հարաբերություններին, քննարկեն Ցեղասպանության հարցը։ Սա արժանապատվության հարց է եղել․ պահելով արժանապատվությունը՝ կողմ էին Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը»,- հիշեցրել է թուրքագետը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին