▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրինագծով ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտն առավել որոշակիացվում և կանոնակարգվում է

ԱԺ-ում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, մասնավորապես՝ մտահոգություն է հնչել, որ օրենքի ընդունումից հետո Երևանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային փոխադրումներն իրականացնելու է մեկ օպերատոր:

Հարցի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանից:

 

-Պարո´ն Առաքելյան, օրերս ԱԺ-ում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ ու կարծիքներ են հնչել, սակայն Երևանի քաղաքապետարանը որևէ կարծիք դեռևս չի հայտնել:

 

-Նախ՝ նշեմ, որ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է իր կարծիքը սույն օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծի համաձայն՝ ոլորտն առավել որոշակիացվում և կանոնակարգվում է:

 

-Իսկ ո՞րն է այդ կանոնակարգումը, մեկ օպերատոր ունենա՞լը:

 

-Ո՛չ: Օրենքի նախագիծը նման սահմանափակում չի նախատեսում: ՀՀ Ազգային ժողովում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանվել է «օպերատոր» հասկացությունը, որը Երևան քաղաքում հանդիսանում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն: Օրինակ՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հենց այդպիսի կազմակերպություն է, որը ներկայում էլ իրականացնում է կանոնավոր փոխադրումներ: Ինչպես գիտեք՝ այսօր նաև մասնավոր կազմակերպություններն են իրականացնում ուղեվորափոխադրումներ, ինչը շարունակվելու է նաև վերոնշյալ օրենքում կատարվող փոփոխություններից հետո: Իսկ այն տեսակետը, թե օրենքում կատարվող փոփոխություններից հետո ուղևորափոխադրումներն իրականացվելու են միայն մեկ օպերատորի կողմից, կարծում եմ՝ հնչեցվում է այն անձանց կողմից, ովքեր ուշադիր չեն կարդացել ներկայացված օրենքի նախագիծը: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն սպասարկում և հետագայում էլ կարող է սպասարկել երթուղային ցանցի այն քանակության երթուղագծերը, որքան հնարավորություն է տալիս ընկերության առկա ավտոպարկը: Այսպիսով՝ արդեն իսկ ակնհայտ է, որ մյուս երթուղագծերի սպասարկման համար պետք է մրցութային կարգով ներգրավել հենց մասնավոր կազմակերպություններին, ինչն այսօր էլ իրականացվում է: Այսինքն՝ այս տեսանկյունից որևէ փոփոխություն չկա:


Բացի այդ, նախագծով ամրագրվում է նաև, որ Երևան քաղաքում երթուղիների փոխադրավարձը սահմանվելու է Երևան քաղաքի ավագանու կողմից, ինչը, հաշվի առնելով Երևան քաղաքի առանձնահատկությունը, համարում եմ արդյունավետ լուծում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին