Հայաստանյան մեդիաիրականությունն այնպիսին է դարձել, որ լրատվամիջոցների համար առաջնայինը ոչ թե արժեքային-գաղափարականն է, այլ նյութականը: Ու ստացվում է, որ բարոյական արժեքների քարոզչության դերակատարությունը մի կողմ դնելով, որոշ ԶԼՄ-ներ ուղղակի լրատվական աղբի, հասարակությանը զոմբիացնող «արժեքներ» են ստեղծում ու զետեղում իրենց լրատվամիջոցներում: Այլապես դժվար է հասկանալ այն լրատվամիջոցներին, որոնք երկրում տեղ գտնող «ռազբոռկաններ»-ը լուսաբանելու փոխարեն այն փող աշխատելու «ապրանքի» են վերածում՝ բացառապես «փող բռնելու» համար: Դա քրեական հեղինակություններին պարզապես փիառելու մի ձև է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևով է այն մատուցվում: Անպատժելիություն ասվածն իր մեջ ներառում է նաև այն լրատվամիջոցներին, ովքեր մամուլի ազատություն կոչվող բարձրագույն արժեքը խառնելով գրում են ամեն ինչի մասին՝ սեփական «ապրանքային» հետաքրքրությունների շրջանակներում: Բարեբախտաբար մեր իրականության մեջ կան լրատվամիջոցներ, որոնցից հանրությունը կարող է ստանալ օբյեկտիվ լրատվություն, որովհետև դեպքերի խեղաթյուրումն ու սեփական պատվիրատուի ճաշակով ներկայացված նյութը դա պարզապես լրատվություն չէ: Դա առաջին հերթին անարգանք է կայքի այցելուների նկատմամբ: Վերջին «ռազբոռկաները» ոչ միայն ցույց տվեցին, որ քրեական հանցագործությունների դեմ պայքարը պետք է արմատական տարվի, այլ ի ցույց դրեցին հասարակությանը նման միջադեպերը «մատուցողների» իրական որակները: Ընդ որում՝ նյութերի խեղաթյուրմամբ զբաղվողներն առաջինն է որպես կանոն գոռում՝ բռնեք գողին, սակայն երկրորդ-երրորդ մարդկանց միջոցով ապականում լրատվական դաշտը: