Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որպեսզի հասարակական տրանսպորտում չլինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները դնեն դիմակ, ձեռնոց, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:

Հասարակական տրանսպորտում ուղևորները նույնպես պարտադիր պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։
Տաքսիներում վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Ոստիկանությունը նաև հիշեցնում է, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։


