▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օտարներն են մեզ գնահատում` ամաչեցնելու աստիճան շատ

Հայ ժողովրդի սքանչելի ժողովրդական և աշուղագուսանական արվեստը ևս մեկ անգամ փայլատակեց միջազգային բեմերում: Այս անգամ «հայոց հանճարի գավազանակիրը» երգիչ Հայկ Մխոյանն էր: 05.04.2014 թ-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած International Music Festival « Sea and Memories»-ում Հայկ Մխոյանը հանձնաժողովի միաձայն որոշմամբ և հանդիսատեսի բուռն, ոգեշնչված ծափողջույնների ներքո արժանացավ այս մրցույթի ամենապատվավոր բարձր հորիզոնականին՝ առաջին մրցանակին: Ամեն ինչ շատ հրաշալի և ուրախալի կլիներ, եթե չլիներ այս միտքը, որը ինչքան փորձեցի վանել ինձանից, միևնույն է, տեղ գտավ իմ այս տողերում. «իսկ ինչպե՞ս են վերաբերվում այսպիսի երիտասարդ, տաղանդավոր արվեստագետներին սեփական տանը՝ ՀՀ-ում»... Օտարազգի արվեստի գործիչները այս անգամ էլ խոնհարվել են հայոց քանքարի առջև և գնահատել այն, ինչ ցավոք, վաղու՜ց մայր հայրենիքում բնավ էլ չի գնահատվում... ՀՀ-ում արվեստի, մշակույթի զարգացման համար պատասխանատու անձինք, կենտրոնացած են «էլիտ» մրցույթների, «էլիտ երաժշտության» (մեղա քեզ, Տեր Աստված) և ի վեջո, «էլիտ կատարողների» վրա: Բայց ինչքան փորձում եմ այդ «էլիտ» բառը զուգահեռել «Մեծ Արվեստ» հասկացողության հետ, ցավոք, ոչ մի կերպ չի ստացվում: Այս առումով ՀՀ-ում գործող ներկա չափորոշիչները, ոչ մի կերպ ազգայինի հետ չեն առնչվում: Ամբողջ աշխարհի զարգացած երկրներում Էլիտան եղավ արվեստի, ճիշտ ու հավերժական արվեստի հովանավորը, խթանիչն ու առաջ տանողը, պահպանողն ու գնահատողը: Իսկ ինչպիսի՛արվեստի սիրահար է մեր «էլիտան՝» բոլորիս է հայտնի: Ավելորդ չեմ համարում այս ամենի մասին խոսելը, քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունը պետական բյուջեից հսկայական գումարներ է վատնում ոչինչ չասող արվեստի «երևելի» գործիչների վրա, այնինչ մեր ճշմարիտ արվեստը, մեր մաքրամաքուր բյուրեղյա հայկական երգը պրոֆեսիոնալ բարձր մակարդակով ներկայացնող արվեստագետները, տվյալ դեպքում՝ Հայկ Մխոյանը և նրա նմանները իրենց անձնական, ֆինանսական չնչին միջոցների հաշվին են տանում մեր երգը, հա՛յ ժողովրդի երգը աշխարհի մեծ բեմեր և այնտեղից վերադառնում փառքի դափնիներ նվաճած... Գիտեմ, Հայկ Մխոյանը երբեք չի ուզենա, որ ես այս ամենի մասին բարձրաձայնեմ, բայց ես իմ անձնական բարոյական պարտքն եմ համարում ճշմարտությունը ասել: Ես, որպես ականատես, կարող եմ բարձրաձայնել, որ Հայկ Մխոյանը բարոյական, մտավոր հսկայական էներգիա էր վատնում,անզորությունից ինքն իրեն կեղեքում, քանի որ ՀՀ-ից Բուլղարիա մեկնելու,այստեղից այնտեղ տեղափոխության համար անհրաժեշտ չնչին գումարը չէր կարողանում հայթայթել: Դա մի տխուր տեսարան էր, որը երբեք չեմ մոռանա... Բայց Հայկը, ի վերջո, մեկնեց և վերադարձավ առաջին մրցանակով: Ինչպիսի սքանչելի փոխհատուցում: Եթե այս ամենը կատարվեր մի ուրիշ երկրում, մի օտար ազգի արվեստագետի հետ, մենք՝ հայերս, զգացմունքային պաթոսով կգովերգեինք այդ ամենը, կհամարեինք ֆիլմի արժանի սցենար: Բայց այսպիսի մարդիկ ապրում են նաև մեզ հետ, մեր կողքին, և մենք չենք Ճանաչում, չենք նկատում և, ի վերջո, չենք ցանկանում գնահատել նրանց: Մեր փոխարեն փայփայում ու մեծարում են ուրիշները, Հայկ Մխոյանի խոսքով՝« ամաչեցնելու աստիճան շատ են գնահատում»... Ինչևէ, ոչ մեկիս համար նորություն չէ այս ամենի բարոյական կողմը, ուստի,մի կողմ թողնելով ամեն բան, ևս մեկ անգամ սիրով ու խոնարհումով շնորհավուրում եմ Հայկ Մխոյանին, ցանկանում բազմաբեղուն ստեղծագործական աշխատանք, բազմաթիվ մեծ բեմեր, առաջին մրցանակներ և, ի վերջո, որպես ամենամեծագույն պարգև, ժողովրդի անկաշառ սերը:

Հ.Գ.

Հայ ժողովուրդը հավերժ չի՛ մնա այսպես ձայնազուրկ և իր ազատ կամքը արտահայտելու հնարավորություն, Աստծո կամոք, մի օր անպայման կունենա՛...

 

Հեղինակ`

Սևակ Հովհաննիսյան, դաշնակահար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին