▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու ամեն անգամ, երբ հայտնվում էի միջանցքում, ինձ վրա էր նետվում գնդլիկ մի տիկին

Տեղեկացա երիտասարդ դերասան Ջանիբեկյան Սոսի հետ կատարվածի մասին...
Շա՜տ սովորական պատմություն է մեր բուժհաստատությունների մասին: Հիշեցի ինձ հետ կատարվածը:

2010 թվականի դեկտեմբերի 15-ին ինձ տեղափոխեցին Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Պատգարակի վրա վերակենդանացման բաժանմունք տեղափոխելիս, ինչ-որ տղամարդ մոտեցավ, հարցրեց, թե ինչ է կատարվել...Իբրև թե ինձ բուժող բժիշկն էր: Հետո պառկեցրին վերակենդանացման բաժանմունքում: Մի խալաթավոր աղջիկ եկավ, ինչ-որ բան ամրացրեց քթիս, հետո «սիստեմ » միացրեց ու գնաց: Մեկն էլ եկավ ու արյուն վերցրեց:

Քանի որ միզամուղ էին ներարկել, անընդհատ գիշերանոթի կարիք ունեի: Ոչ ոք չտվեց, ոչ ոք չմոտեցավ: Քայլել չէր կարելի: Բժիշկ չտեսա,  բուժքույրերն էլ առևտրով էին զբաղված: Քիչ անց իմ կողքի մահճակալի մոտ վարագույրներ քաշեցին, հիվանդապահ մի կին ծկլթաց: Հասկացա, հիվանդը մահացել էր: Ինձ մոտ արյան ճնշումը գրանցվել էր 240-120, սական ոչ ոք չմոտեցավ,  որևէ դեղ չտվեց, որևէ ներարկում չարեց:

Միայն կատարյալ չոբանի պես մեկը եկավ և ասաց, որ հանկարծ չշարժվեմ: Տեղեկացա, բաժանմունքի վարիչն էր, որն առավոտյան հայտնվեց ու սկսեց բուժքույրերից գիշերը կուտակված փողերը հավաքել:

Իսկ գիշերը կատարյալ «Բարդուղիմիեոսի գիշեր» էր:  Հիվանդասենյակում աղմուկը չէր դադարում, պատգարակներն իրար խփելով, բարձր կանչելով, հիվանդատերերից փողեր ուզելով՝ տանում ու բերում էին հիվանդներ: Ամբողջ գիշեր դիվահար էի, հենց ուզում էի մի պահ քնել, հանկարծ դըրը՜խկ... հերթական պատգարակն էր բախվում մահճակալիս: Առավոտյան ինձ թվաց, թե արյան ճնշումս պիտի չափեն, ինչ-որ մեկը պիտի հետաքրքրվի առողջական վիճակովս: Բայց իզուր: Նրանք միայն շտապել էին կնոջս պարտադրել կատարել վճարումը: Հետո եկավ տրակտորիստի կեցվածքով մի հաստամարմին տիկին ու մահճակալս քշեց դեպի... Վերելակով բարձրացրին երրորդ հարկ: Հենց բաժանմունքի դռների մոտ մի գնդլիկ տիկին հարձակվեց վրաս. 

-Վճարունա՞կ ես, էստեղ մի օրն արժե 6 հազար դրամ...

Գլխով արեցի, որ վճարունակ եմ: Տարան մի հիվանդասենյակ: Ներս մտավ սպիտակ խալաթով ու ճերմակամազ մի մարդ, բժիշկ էր կոչվում ու հարցրեց՝ Վարդազա՞րն ես: Պատասխանեցի՝ ոչ:

Դարձավ մսագործի նկարագրով մի կնոջ. «Բա սրան ինչու՞ եք բերել, ինձ Վարդազարն է պետք»:

 Հետո ինձ այստեղ բերող տրակտորիստ կինը եկավ, ասաց, որ նորից գնում ենք վերակենդանացման բաժանմունք, դու Վարդազարը չես: Խնդրեցի չշարժել, որովհետև վատ էի  զգում անչափ: Եկավ մսագործի նկարագրով տիկինն ու գոռաց. «Սրան հետ տարեք, մեզ Վարդազարն է պետք»:

Այսպես մոտ մեկ ժամ ինձ տանում էին միջանցք մահճակալով ու հետ բերում: Ու, ամեն անգամ, երբ հայտնվում էի միջանցքում, ինձ վրա էր նետվում գնդլիկ տիկինն ու ասում, որ 6 հազար դրամ պիտի վճարեմ: Պատրաստ էի ասել, որ տանն ինձ Վարդազար են ասում, բայց պարզվեց, որ այս Վարդազարից մեծ գումար են ակնկալում: Ես իմ խեղճուկրակ մտավորական տեղով սրանց պետք չէի: Ստիպված էի հիվանդներից մեկից հեռախոս խնդրել, զանգահարել տուն, որպեսզի շորերս բերեին:

Հիվանդանոցից հեռանալիս մտա բաժանմունքի վարիչի սենյակ: Ճանաչեցի: Քոչարյան Լևոն, քրոջ հետ աշխատել էի Գյումրու Բալատոն վարժարանում, որի փոխտնօրենն էի, զարմիկին դաս էի տվել: Զայրույթս կոտրվեց... Հեռացա...
...Ախր ինչու՞ Վարդազարը չէի...

Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին