news.am-ը գրում է. Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն: Այս մասին այսօր Լազարյան ակումբի նիստին իր ելույթում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Լազարյան ակումբի առաջին նիստի նշանավոր օրը բոլորին ողջունելով՝ նախկին նախագահը հույս հայտնեց, այս բանավիճային հարթակը՝ ռուսաստանաբնակ հայ բարերարների ընտանիքի անունով, կդառնա ոչ միայն բարի ընկերների հանդիպման վայր, այլեւ նոր գաղափարների եւ արդյունավետ նախագծերի ստեղծման միջավայր, որոնք ուղղված կլինեն հայ-ռուսական հարաբերությունների եւ բարեկամության ամրապնդմանը:
Քոչարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կոնստանտին Զատուլինին ակումբի ստեղծման ջանքերի համար եւ ուրախություն հայտնեց այն առիթով, որ ակումբի անդամներ են դարձել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հայտնի մարդիկ:

Քոչարյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն:
«Ուղղակի կամ անուղղակի կոչերը՝ ուղղված Հայաստանի ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայմանն այս տագնապային ժամանակներում, անգամ առանց իրականացման, այնուամենայնիվ, սպառնալիք են ներկայացնում: Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ սոցիալական ցանցերը այսօր մեծ հնարավորություններ են տալիս հանրային տրամադրությունների մանիպուլյացիաների համար:

Թույլ են տալիս հասարակության մեջ կասկածի եւ անվստահության տարրեր առաջացնել, ինչը կհանգեցնի երկարատեւ հարաբերությունների էրոզիային», - զգուշացրեց նախկին նախագահը:
Իր ելույթի ավարտին Քոչարյանը Զատուլինին նվիրեց իր գրքի առաջին օրինակներից մեկը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում


