ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.
«Ազգային ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, Նիկոլը տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ ֆանտաստիկ ու տխրահռչակ հայտարարություններ է արել: Դրանցից մեկով ասել է, որ 2023թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ աճել է 113%-ով կամ 270մլրդ դրամով:
Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ հատկացվող ֆինանսական միջոցներն իբրև թե ավելացել է 113%-ով, բայց երկրի պաշտպանունակության մակարդակը 2018թ. համեմատ նվազել է աննկարագրելի չափով: 2018-ին Հայաստանն ու Արցախը բավարար պաշտպանունակ էին, իսկ այսօր հույսներս դրել ենք ՌԴ խաղաղարար առաքելության ու ԵՄ 40 դիտորդների վրա: Սա է ձեր իշխանության պատկերը, ու էլ նորից չեմ հիշեցնում ահռելի մարդկային ու տարածքային կորուստների մասին:
Նիկոլի այս հայտարարությունը կոչվում է երեսպաշտական սուտ, կա՛մ պետական միջոցների անարդյունավետ օգտագործում, կա՛մ լավագույն դեպքում՝ չկատարված (ձախողված) բյուջեներ:
Ո՞ւմ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքներն օկուպացվել կամ հանձնվել են, զինանձնակազմի ծառայության պայմանները վատթարացել են, պաշտպանական կառույցներն անմխիթար վիճակում են և այլն: Ո՞ւմ են պետք բյուջետային ավելացումներդ, եթե ինքդ ես հայտարարում, որ զենք չես կարողանում գնել: Ո՞ւմ է պետք անիմաստ գլուխ գովելդ, եթե լաց ես լինում, որ ՀԱՊԿ-ը կամ դաշնակիցները քեզ չեն պաշտպանում: Վերջին շրջանում բախտներս բերել է, որ տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի կենսական շահերն են գործել, թե չէ, քո այդ ավելացած բյուջեով Սյունիքն էլ էիր մատաղ անելու:
Մի խոսքով՝ ԱԺ-ում ինչ ուզում ես, կարող ես հայտարարել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Դո՞ւք պետք է հեռանաք, որովհետև փաստ է, որ աշխարհի փողերն էլ տան ձեզ, միևնույն է ազգակործան կապիտուլյանտից բացի, այլ բան ձեզանից դուրս չի գալու:
Մի նորմալ, խելքը գլխին ԶՈՒ ռեֆորմ չեք կարողանում մշակել թղթի վրա, մինչև հիմա ազգային անվտանգության ռազմավարություն չունեք, ո՞ւր մնաց թե պետության պաշտպանունակություն ու անվտանգություն ապահովեք: Հիշի՛ր, անվտանգության, պաշտպանունակության, արտաքին քաղաքականության, պետական կառավարման, բարոյական-արժեքային հարցերում երբեք չհամեմատվես 2018-ի հետ: Խայտառակ վիճակում եք, ու ձայնդ որքան բարձր է հնչում, խայտառակությունդ այնքան ցայտուն է երևում»: