▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում դանակահարել էին միմյանց. 36-ամյա երիտասարդը մահացել է

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Սպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը։ ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում սպանության դեպքից․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։
Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի և շտապօգնություն է անհրաժեշտ։ Նույն օրը՝ ժամը 11։57-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել շտապօգնության ենթակայանից, ըստ որի Արգավանդի խաչմերուկում դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, դանակ, պայուսակ, ներարկիչներ, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված տարա։ Վերցվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող էլեկտրոնային կրիչները, որոնցում առկա տեսագրությունները ենթարկվել են մանրամասն զննության:
Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանում ևս կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննություն, բենզալցակայանից առգրավվել են նաև արնանման հետքերով հագուստ:
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական, դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը, իր կողմից շահագործվող «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, Արմավիրի մարզի «Զվարթնոց» բնակավայրից որպես ուղևոր վերցրել է նույն մարզի 36-ամյա բնակչին: Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող ճանապարհին գտնվող կամուրջի մոտ վերջիններիս միջև փոխադրման ուղեվարձի՝ սահմանվածից թանկ պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում սկսել են փոխադարձ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին։
Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է ավտոմեքենայից դուրս, որի ընթացքում 36–ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած դանակով հիշյալ ավտոմեքենայի վարորդին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս արմունկին և փորձել դիմել փախուստի։ Սակայն վարորդը, հետապնդելով 36–ամյա տղամարդուն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է ոստիկանությանը։
Նախաքննությունը շարունակվում է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին