ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (ՄԱԿՊԿ) հոկտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, Ազատեկ համայնքում, Ազատեկի հանքավայրի հարակից տարածքում, ինչպես նաև հենց հանքավայրում բնական ռադիացիոն ֆոնի չափումներ կատարեց:
ԷկոԼուրը ՄԱԿՊԿ-ի Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգի գլխավոր մասնագետ Կարապետ Օհանյանի և Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ներկայացուցիչ, փորձագետ Կարեն Հարոյանի հետ միասին մասնակցեց այդ աշխատանքներին:
Աշխատանքների իրականացման ընթացքում հանդիպումներ եղան Վայքի փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանի և Ազատեկի համայնքապետ Սիրակ Հովսեփյանի հետ:
Վասիլ Ասլանյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ իրենք նույնպես ահազանգեր ստացել են՝ կապված Ազատեկի հանքավայրի հետ: «Մենք հրավիրել ենք «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի տնօրենին, զրուցել ենք: Իրենք մեզ ասել են, որ կազմակերպությունը պայմանագիր է կնքել հանքափորների ընկերության հետ և իրենք առայժմ միայն նմուշներ են վերցնում»,-ասաց Վայքի փոխքաղաքապետը:
Իսկ Սիրակ Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ահազանգեր համայնքի բնակիչներից չի ստացել: «Մեր իմանալով` դեռ հետազոտություններ են արվում: Դեռ խոսակցություններ չկան: Եթե իրենց ուզած պաշարները եղան, պիտի հանրային լսումներ անեն ժողովրդի հետ: Այդ ժամանակ պարզ կլինի՝ ժողովուրդը համաձայնություն կտա, թե` ոչ», - ասաց Սիրակ Հովսեփյանը:
Վերջինիս խոսքով՝ հանքավայրը Ազատեկ գյուղից ուղիղ գծով գտնվում է 5-6 կմ հեռավորության վրա: Հանքավայրի հարակից տարածքում կան հողատարածքներ, իսկ անմիջապես հանքավայրին կից՝ արոտավայրեր, քիչ վերև՝ 2-3 կմ հեռավորության վրա գտնվում են գյուղացիների վարելահողերն և այգիները:
Հանքավայրի հնարավոր շահագործումը Ազատեկի բնակիչները այսպես մեկնաբանեցին. «Ուզում են ժողովրդին կուշտ սատկացնեն»:
«Դա վտանագավոր է ժողովրդի առողջության համար, մենք դեմ կլինենք, մեզ աշխատատեղեր մեր առողջության հաշվին պետք չէ, թող այլ աշխատանք առաջարկեն, գործարաններ բացեն, թե չէ էդ ուրանի հանքում մի երկու կոպեկ փող կտան աշխատողին, բայց ամբողջ ժողովրդին վնասա դա», - նշեցին բնակիչները:
«Սովետական միության ժամանակ այստեղ երկար ժամանակ փորձեցին հանքը բացել, չափումներ արեցին, հետո հասկացան, որ այստեղ ռադիացիայի մեծ հոսք է լինելու և դադարեցին: Դեռևս այն ժամանակ ասում էին, որ եթե հանկարծ կարիք լինի այդ հանքը շահագործելու, ուրեմն քաղաքը պետք է այստեղից տեղափոխվի, և որոշեցին փակել», - ասաց Վայքի բնակչուհին՝ նշելով, որ եթե այն ժամանակ կարողացան մտածել հայ ժողովրդի մասին, այսօր չե՞ն կարող:
«Առանց դա էլ այս քաղաքը շատ անառողջ բնակչություն ունի: Ես չգիտեմ ով է սեփականատերը, ով է ցանկանում բացել և փող աշխատել, բայց եթե հանկարծ նման որոշում կայացվի, ամբողջ քաղաքը ոտքի կկանգնի: Թող չմտածեն, որ այդպես հանգիստ կարող են բացել, փող աշխատել և գնալ: Էն ժամանակ էլի դաշնակները բերեցին, չոքեցրեցին անգլիացիներին Հայաստանի գլխին ոսկու համար, հիմա էլ սրանք են բերում չոքեցնում…թող մեր ընդերքը մնա մեզ: Եթե մենք ոսկի ունենք, թող մենք օգագործենք, ինչո՞ւ մեզ ոչինչ չի հասնում, ինչ-որ անհատի գրպան է գնում: Ինչպե՞ս կարելի է այսպես մարդու վրայով անցնել և գնալ», - ասաց Վայքի վրդովված բնակչուհին՝ նշելով, որ իրենք վստահ են, որ վտանգ կա, և բոլորը ոտքի կկանգնեն՝ երեխայից մինչև չքայլող ծերերը:
Հանքավայրի տարածքում մեզ դիմավորեց «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի երկրաբան Մարտին Ներսիսյանը:
«2005 թ-ից գլխավոր երկրաբանն եմ եղել, 600-700 հորատանցք կա այստեղ, կողքը հորատանցք կա 500 մետր ծակած, միջից ջուրա հելնում, բա ուրա՞ էտ ուրանը…սարի տակ կիլոմետրերով մտել ենք՝ 5000 մետր, ջուր է հելնում այդտեղից, ժողովուրդն էլ օգտվում է այդ ջրից…եթե քիմիական ռադիացիայի, ըտենց հարց լիներ, հիմա այստեղ մարդ չէր լինի», - ասաց Մարտին Ներսիսյանը:
Նա նշեց, որ այժմ իրենք հորատանցքեր են բացում՝ նմուշներ վերցնելու համար: Նմուշները վերցվել են 476 մետր խորությունից:
Չափումները իրականացնելուց հետո Կարեն Հարոյանը ասաց. «Այն, ինչ նախնական ֆիքսել ենք, մեզ որևիցե տեղեկություն չի կարող տալ: Արդյունքները պետք է գնանք, համակարգչով վերլուծենք: Ֆիքսված ճառագայթման դոզայի հզորության չափը տատանվում էր 0.03-ից մինչև 0.07 միկրոզիվերտ/ժամ»:
Մասնագետները արդյունքների վերաբերյալ կպատրաստեն մանրամասն հաշվետվություն և մի քանի օրվա ընթացքում կներկայացնեն այն Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե: