Մոտենում է Նոր տարին և արդեն տոնական տեսք է ստացել Մեղրիի հրապարակը: Զարդարված տոնածառի և տարբեր լուսային դեկորների կողքին տեղադրված են վերջին երկու և գալիք 2015 թվականի խորհրդանիշերը` օձը, ձին և այծը:
Պարզվեց, որ մեղրեցիների մի մասը չգիտի, թե ո՞վ է պատրաստում տարվա երկաթյա խորհրդանիշները, իսկ մյուսները նշեցին Օնիկ Սարգսյանի անունը:
Օնիկ Սարգսյանը կամ ինչպես մեղրեցիներն են նրան ճանաչում` ոսկերիչ Օնիկը, պատասխանեց մեր մի քանի հարցերին.
-Մեղրեցիները Ձեզ ճանաչում են, որպես ոսկերիչ Օնիկ, ինչպե՞ս կատարվեց անցումը ոսկերչությունից` մետաղի հետ աշխատանքին և ինչպե՞ս եք Դուք Ձեզ զգում ոսկերչության և այս գործի մեջ:
- Անցումը սկսվեց անցումային տարիներին, երբ երկաթի գործը ավելի կարևոր էր, ոչ թե անձնականի այլ պետության համար, իսկ ոսկերչությունը միշտ էլ շարունակել եմ, ուղղակի հիմա տարիքային է, երևի, երկու գործն էլ անում եմ հաճույքով: Երկու գործն էլ նուրբ են, աշխատատար և կարևոր:
- Ո՞վ էր կենդանակերպերի պատրաստման գաղափարի հեղինակը:
- Մեղրիի քաղաքապետ Ա. Հովհաննիսյանը տվեց գաղափարը և աջակցեց պատրաստման հետ կապված բոլոր հարցերում:
-Ամբողջ աշխատանքային պրոցեսն ի՞նչ պայմանական փուլերի կարելի է բաժանել:
- Մենակ մտածում ենք շինանյութի մասին: Ես էսքիզներ չեմ անում, ուղղակի վերցնում եմ մետաղալարը, սկսում մի տեղից ու այդպեց գնում մինչև վերջ:
-Այս երեք աշխատանքներից ո՞րն է եղել ամենադժվարը:
- Ոչ մեկն էլ դժվար չի եղել, ցանկություն ունես, դժվարություն` չկա:
-Իսկ ամենահետաքրքիրը:
- Բոլորն էլ հետաքրքիր են:
Օնիկ Սարգսյանը պատմեց նաև, որ սիրում է աշխատել երեխաների հետ և նրանց համար, տարբեր աշխատանքներ ունի դրված Մեղրիի մանկապարտեզի բակում: Նաև իր ներդրումն ունի Մեղրիի մուտքի մոտ տեղադրված «ՄԵՂՐԻ» ցուցանակի տեղադրման և լուսային ձևավորման գործում: Նշեց նաև, որ բոլոր գործերում իրեն օգնում է Գուրգեն Հակոբյանը: